Գարգառում 35-ամյա տղամարդը փորձել է այրել նախկին կնոջը, նրա ամուսնուն, տալոջն ու ինքն իրեն

35-ամյա վանաձորցին տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, նախաքննությամբ հանգամանքերը պարզվում են:
Sputnik
ԵՐԵՎԱՆ , 25 հուլիսի – Sputnik. ՀՀ Լոռու մարզի Գարգառ գյուղից 36–ամյա կին է ահազանգել ոստիկանություն և հայտնել, որ իր նախկին ամուսինը բենզին է լցրել տան վրա, սպառնում է այրել, նաև քարով խփել է իր գլխին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
Ահազանգը եղել է հուլիսի 24-ին` ժամը 15.30-ին, այն փոխանցվել է ոստիկանության Ստեփանավանի բաժին, որտեղից օպերատիվ խումբը շտապ մեկնել է Գարգառ:
Միջադեպի զարգացումները հնարավոր է եղել կանխել, սակայն պարզվել է, որ նախկին ամուսինը քարով հարվածել է ոչ միայն նախկին կնոջը, այլև նրա ներկայիս ամուսնու քրոջը, որը տեղափոխվել է հիվանդանոց։ Այնտեղ նրա մոտ ախտորոշվել է քունքի և սրունքի սալջարդ ու հեմատոմա:
Ստեփանավանի քննչական բաժնում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Երեկ` ժամը 17.30-ին, ոստիկանները տղամարդուն հայտնաբերել են ու ձերբակալել:
Կապանում տղամարդը սպանելու դիտավորությամբ վրաերթի է ենթարկել նախկին կնոջը
Պարզվել են նաև դեպքի մանրամասները։ Մասնավորապես, ժամը 15-ի սահմաններում 35-ամյա տղամարդը եկել է Գարգառ՝ նախկին կնոջ ներկայիս բնակավայր: Վեճի ընթացքում նա սպառնացել է սպանել կնոջը, և այդ ընթացքում իր մոտ եղած բենզինը լցրել է նախկին կնոջ, նրա ներկայիս 55-ամյա ամուսնու ու նրա քրոջ, նաև իր վրա, սակայն 55-ամյա տղամարդուն հաջողվել է նրա ձեռքից խլել լուցկին ու նրան հրել դուրս: Արդեն դրսում 35–ամյա տղամարդը քարերով հարվածել է իր նախկին կնոջ և նրա նրեկայիս ամուսնու 68-ամյա քրոջ գլխին։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: 35-ամյա վանաձորցին տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, նախաքննությամբ հանգամանքերը պարզվում են: