Անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի բնակչությանն ապահովել սննդով. Լավրով

Ռուսաստանը, որպես խաղաղ գործընթացի առանցքային միջնորդ, շահագրգռված է ճգնաժամի շուտափույթ կարգավորմամբ՝ եռակողմ հայտարարություններին լիովին համապատասխան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շեշտել է, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել, կապահովեն Լեռնային Ղարաբաղի բնակչությանը սննդով, դեղորայքով, առաջին անհրաժեշտության պարագաներով, ինչպես նաև կապահովեն անխափան էլեկտրամատակարարում ու գազամատակարարում:
Եկեք համախմբվենք. Երևանում և Ստեփանակերտում հանրահավաքներ են մեկնարկել
Այս մասին Լավրովը հայտարարել է Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ եռակողմ բանակցություններից հետո։
«Մեր զրուցակիցներին ներկայացրել ենք ռուսական կողմի գնահատականները՝ հաշվի առնելով այն զեկույցները, որոնք ներկայացնում են ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղից», - նշել է Լավրովը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը, որպես խաղաղ գործընթացի առանցքային միջնորդ, շահագրգռված է ճգնաժամի շուտափույթ կարգավորմամբ՝ լիովին համապատասխան եռակողմ հայտարարություններին, որոնք Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներն ընդունել են 2020, 2021 և 2022 թվականներին:
Անդրադարձ է կատարվել նաև ամբողջ տարածաշրջանում անխափան երթևեկության ապահովման, տրանսպորտային, տնտեսական կոմունիկացիաների ապաշրջափակման հարցերին: Հատուկ ուշադրություն է դարձվել սահմանազատման հարցերին, որոնք սերտորեն կապված են քննարկվող խնդիրների ամբողջ շարքի հետ, և Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման հարցերին:
Լաչինի միջանցքի շրջափակումը բարդացնում է բանակցային գործընթացը․ Արարատ Միրզոյան
Լավրովը նաև նշել է, որ Մոսկվայում հասկանում են թ՛ե հայկական, թե՛ ադրբեջանական կողմի շահերը՝ միջնորդներ օգտագործելու ոչ միայն ի դեմս Ռուսաստանի Դաշնության, այլև մյուսների:
«Ողջունում ենք նրանց ցանկությունը, ովքեր անկեղծորեն շահագրգռված են օգնել Բաքվին և Երևանին գտնել պայմանավորվածություններ, ովքեր, ինչպես և մենք, աշխատում են այդ ուղղությամբ։ Բայց չպետք է լինեն այս կամ այն պայմանավորվածություններն արհեստականորեն պարտադրելու փորձեր, որոնք ոչ թե կբխեն հայ և ադրբեջանցի ժողովուրդների շահերից, այլ կլինեն հանուն լրատվամիջոցների գեղեցիկ վերնագրերի, հանուն աշխարհաքաղաքական և ներքաղաքական նկատառումների» - նշել է ՌԴ րտգործնախարարը,
Նա նաև նշել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել եռանդուն աշխատանքը հետագա հանդիպումների նախապատրաստման ուղղությամբ։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։