ՍՊԸ-ի ղեկավարը կալանավորվել է շուրջ 171 մլն դրամի չափով մաքսավճարից խուսափելու համար

ԻԻՀ-ից ՀՀ բերված կարագի և սերուցքի համար, Ս.Հ.-ի ցուցումով, իրավասու մարմնին ներկայացվել են իրականությանը չհամապատասխանող փաստաթղթեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիս-Sputnik. «ԱՐԵՆ-ԳՐՈՒՊ» ընկերությունը չի վճարել Հայաստան ներմուծված մեծաքանակ սերուցքի և կարագի համար շուրջ 171 մլն դրամի չափով մաքսավճարներ։ Մեկ անձ կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Պարզվել է, որ Ս.Հ.-ն, հանդիսանալով «ԱՐԵՆ-ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության լիազորված անձը և ընկերության փաստացի ղեկավար, պետական բյուջե վճարման ենթակա առանձնապես խոշոր չափերով մաքսային վճարները չվճարելու նպատակով, խաբեության դրսևորմամբ թաքցրել է հարկման օբյեկտը:
«Մասնավորապես՝ Ս.Հ.-ն Իրանի օտարերկրյա իրավաբանական անձի հիմնարկի անվամբ, սակայն փաստացի «ԱՐԵՆ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության կողմից ՀՀ-ում իրացնելու համար, խախտելով ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ կետի և 56-րդ հոդվածի 7-րդ կետի դրույթները, առանց ներմուծված ապրանքների համար մաքսային վճարների հաշվարկման և վճարման, 2023 թվականի ապրիլի 15-ին թվով 11 տարանցման հայտարարագրերով ՀՀ տարածք է ներմուծել ընդհանուր 283.250 կգ բեռ` սերուցք և կարագ՝ 700.000 դոլար մաքսային արժեքով»,– ասված է հաղորդագրությունում
Նշվում է, որ այնուհետև, ԻԻՀ-ից ՀՀ բերված կարագի և սերուցքի համար, Ս.Հ.-ի ցուցումով, իրավասու մարմնին ներկայացվել են իրականությանը չհամապատասխանող փաստաթղթեր, համաձայն որոնց՝ իբրև թե նշված ապրանքները պատկանում են վերոնշյալ օտարերկրյա իրավաբանական անձին և նախատեսված են վերջինիս կարիքների համար։
Դրանց հիման վրա ՀՀ մաքսային մարմինը, առանց մաքսային վճարների գանձման, 2023թ․ ապրիլի 22-ին 700.000 դոլար մաքսային արժեքով 283.250կգ բեռը բաց է թողել՝ «թույլատրված» կարգավիճակով:
«Արդյունքում, Ս.Հ.-ն, մաքսային վճարների հաշվարկման կամ վճարման պարտավորություն առաջացնող գույքի վերաբերյալ խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով, թաքցրել է հարկման օբյեկտը, ինչի հետևանքով չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել 170.897.286 դրամի չափով մաքսային վճարներ, այդ թվում՝ 51.630.600 դրամի չափով մաքսատուրք, 119.266.686 դրամի չափով ԱԱՀ»,– ասված է հաղորդագրությունում։
22.31 կգ մարիխուանա և թմրանյութեր. Իրանից Հայաստան մաքսանենգության դեպք է բացահայտվել
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի հիման վրա վարույթն իրականացնող մարմինը հսկող դատախազին ներկայացրել է միջնորդություն՝ Ս.Հ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը) հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է, և վերջինիս ներկայացվել է մեղադրանք։
Մեղադրյալ Ս.Հ.-ն ձերբակալվել է՝ դատարան ներկայացվելու համար։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, բավարարելով վարույթն իրականցնող մարմնի միջնորդությունը, 22.07.2023թ․ որոշումով վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանավորումը՝ 2 ամիս ժամկետով։