ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ հուլիսի 25 - ին կքննարկի Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հուլիսի 15–ին, երբ Բրյուսելում ընթանում էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը, ՌԴ արտգործնարարությունը հաղորդագրություն տարածեց, որ ռուսական կողմը պատրաստ է մոտ ժամանակներս Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Զեյհուն Բայրամովի մասնակցությամբ եռակողմ հանդիպում կազմակերպել Մոսկվայում։
«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կվերլուծեն Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի ապաէսկալացման և Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ պայմանավորվածությունների կատարման ակտիվացման ուղիները»,– նշված է հաղորդագրության մեջ:
Հատուկ ուշադրություն կդարձվի Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը, ինչին Ռուսաստանը պատրաստ է առավելագույն աջակցություն ցուցաբերել:
Նախարարները կքննարկեն նաև հայ-ադրբեջանական կարգավորման այլ առանցքային ուղիներ, այդ թվում՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի դելիմիտացիան, հանրության և փորձագետների գծով շփումները, խորհրդարանականների երկխոսության մեկնարկը:
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնարար Ջեյհուն Բայրամովի հետ երկկողմ զրույցների ընթացքում նախատեսվում է քննարկել քաղաքական, առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում ռուս-հայկական և ռուս-ադրբեջանական օրակարգերի արդիական հարցերը:
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
Վերջին շրջանում հայ–ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպումներ են անցկացվել Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում, Քիշնևում։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարբերաբար հայտարարում է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման կարևոր պայմանը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումն է ու զինվորականների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից։