ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Երևանի աղբահանության խնդրի պատճառները հասկանալու համար ծառայողական քննություն կանցկացվի։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս հայտարարությունն արեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Աղբահանության խնդիրը, որը սրվել էր Երևանում, քաղաքային կառույցների, վարչական շրջանների ու մասնավոր ընկերությունների համատեղ աշխատանքի արդյունքում մեղմվել է»,– ասաց նա:
Նրա խոսքով` պետք է կենտրոնանալխնդրի հիմնավոր լուծման վրա։ Ավինյաննակնկալում է, որ առաջիկայում իրեն կզեկուցեն, թե այդ ուղղությամբ ինչ քայլեր են իրականացվում։
Փոխքաղաքապետը նշեց, որ ծառայողական քննությունը կօգնի հասկանալ աղբահանության խնդրի պատճառները, որպեսզի հետագայում նման հարցեր չառաջանան։
«Ամռան այս օրերին, երբ աղբի ծավալն ավելանում է, տեխնիկան էլ խնդրահարույց է, խնդիրներ առաջանում են, բայց պետք է կարողանանք այնպիսի ցիկլ ունենալ, որ այդ հարցը բաց չլինի, և ծառայողական քննության արդյունքների մասին էլ հետագայում բաց կզեկուցեք»,- նշեց նա։
Գործակարգավարական խորհրդակցության ընթացքում զեկուցվեց, որ նախորդ շաբաթ ամենօրյա ռեժիմով 495 սանմաքրման աշխատակիցներ մաքրություն են իրականացրել Երևանում։ Աղբահանություն է կատարում 31 աղբատար մեքենա, թվով 4 փոշեկուլ մեքենաներ իրականացնում են քաղաքի փողոցների մաքրությունը: Փողոցները լվացվում են 22 ջրցան մեքենաներով: