«Կրասնոդարը» հրաժարվել է Սպերցյանին 8.5 միլիոն եվրոյով վաճառել «Այաքսին»

Էդուարդ Սպերցյանը. Արխիվային լուսանկար
Ռուսական ակումբում առաջարկվող գումարն անընդունելի են համարում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Ռուսական «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբը մերժել է Ամստերդամի «Այաքսի»` Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի համար 8.5 միլիոն եվրոյի առաջարկը։ Այս մասին հայտնում է Sport-express կայքը։
Նշվում է, որ ռուսական ակումբում առաջարկվող գումարն անընդունելի են համարում։
«Բացի այդ, ռուսական ակումբը չի ցանկանում բաց թողնել հիմնական կազմի խաղացողներին Ռուսաստանի 2023/24 առաջնության մեկնարկից հետո»,– գրված է կայքում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ամստերդամի «Այաքս» ֆուտբոլային ակումբը հետաքրքրված «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանով։
23-ամյա Սպերցյանը «Կրասնոդարի» սան է։ Նախորդ խաղաշրջանում կիսապաշտպանը 41 խաղում 14 գոլի հեղինակ էր դարձել և կատարել 14 արդյունավետ փոխանցում։ Կողմերի միջև կնքած համաձայնագիրն ավարտվում է 2026 թվականի ամռանը։
Ֆուտբոլիստը ծնվել է Ռուսաստանում, սակայն 2021 թվականի փետրվարին որոշել է հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում։
Նշենք, որ 2022/2023 խաղաշրջանի ռուսական Պրեմիեր Լիգայի խաղարկությունում Սպերցյանը 28 խաղերում դարձել է 10 գոլի հեղինակ և իրացրել 11 գոլային փոխանցում։
Ի դեպ, Transfermarkt.com կայքը 23-ամյա հայ ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրը «Կրասնոդարի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի վերջը: