Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը «Գորշ գայլերի» տարբերանշանով դաջվածք է արել. ԶԼՄ

Մեսութ Օզիլը . Արխիվային լուսանկար
Գերմանիայի հավաքականի կազմում աշխարհի 2014 թվականի առաջնության չեմպիոն Մեսութ Օզիլը հայտնի է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ իր մտերիմ կապերով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Թուրքական ծագումով գերմանացի ֆուտբոլիստ Մեսութ Օզիլը մարմնի վրա դաջվածք է արել «Գորշ գայլեր» պանթուրքիստական ​​խմբավորման տարբերանշանով։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ NTV-ի հղումով։
Գերմանիայում խմբավորումը ճանաչվել է ծայրահեղական։
Սոցցանցերում Օզիլի հետ լուսանկար է հրապարակել նրա ընկերներից մեկը։ Տղամարդիկ տեսախցիկի առաջ կեցվածք են ընդունում մերկ իրանով ֆիտնես-ակումբում, ֆուտբոլիստի մարմնի վրա երևում է «Գորշ գայլերի» խորհրդանիշով դաջվածք։
«Գորշ գայլերը» ծայրահեղ աջ ազգայնական թուրքական կազմակերպություն է: Նա դավանում է արմատական ​​պանթուրքիստական ​​և իսլամիստական ​​հայացքներ։ Կազմակերպության զինյալները մեղադրվել են մի շարք սպանությունների ու ահաբեկչությունների, այդ թվում՝ Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ի դեմ մահափորձի մեջ։ Հայտնի են հայերի, քրդերի, հրեաների դեմ ատելության կոչերով։ Մի շարք երկրներում նրանց գործունեությունն արգելված է։
Օզիլը ֆուտբոլից հեռանալու մասին հայտարարել էր 2023 թվականի գարնանը։ Նա Գերմանիայում խաղացել է «Շալկեում» և «Վերդերում», հանդես է եկել Մադրիդի «Ռեալում», Լոնդոնի «Արսենալում», իսկ կարիերայի վերջին մրցաշրջաններն անցկացրել է Թուրքիայի առաջնությունում՝ «Ֆեներբախչեի» և «Ստամբուլի Բաշակշեհիրի» կազմում։
Օզիլը հայտնի է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բարեկամական հարաբերություններով, վերջինը նույնիսկ անձամբ մասնակցել է նրա հարսանիքին։