ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Արցախի «Արևիկ» մանկական բուժմիավորումում ավելացել են վիսցերալ լեյշմանիոզի դեպքերը։ Այս մասին Արցախի Հանրային հեռուստաընկերությանը հայտնել է «Արևիկ» մանկական բուժմիավորման վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ Մեսրոպ Մարգարյանը։
Մի քանի օր առաջ հիվանդանոցը միանգամից երկու այդպիսի հիվանդ է ընդունել։
«Շտապ կարգով սկսեցինք բուժումը, իհարկե ՌԴ խաղաղապահների օգնությամբ, քանի որ ուղղաթիռներով հասցրեցին երեխաներին (նրանք չէին կարողանում հասնել հիվանդանոց վառելիքի բացակայության պատճառով-խմբ.)։ Իսկ լեյշմանիոզը բավական ծանր ու լուրջ հիվանդություն է, եթե այն ժամանակին չսկսենք բուժել կամ կիսատ թողնենք, կարող է երեխայի համար ճակատագրական լինել»,– նշում է բժիշկը։
Վառելիքի սղությունն, առհասարակ, Արցախում դարձել է հիվանդությունների բարդացման պատճառ։ Բուժառուները բազմաթիվ դեպքերում հիվանդանոց են հասնում արդեն ծանր վիճակում։
«Ունենք այնպիսի երեխաներ, որոնց ուշացած ենք ընդունում։ Անգամ կույրաղիքի դեպքն այնքան բարդացած Է լինում, որ երեխային բերում են պերիտոնիտով (որովայնամզի բորբոքում)»,– ասում է Մեսրոպ Մարգարյանը։
Հիվանդին Երևան տեղափոխելու անհնարինության դեպքում տեղի բժիշկները ստիպված են լինում աննախադեպ վիրահատություններ կատարել, որպեսզի փրկեն երեխաների կյանքը։
Այդպես` 2 օր առաջ «Արևիկ» մանկական բուժմիավորումում վիրահատել են պիլորոստենոզ ախտորոշմամբ 1 ամսեկան երեխայի։ Բարեբախտաբար վիրահատությունը լավ է անցել։
Արցախի բուժմիավորումներում այս պահին շարունակում են սուղ մնալ դեղորայքն ու բժշկական պարագաները։ Խնդիր կա նաև երեխաների հետվիրահատական խնամքի հետ կապված։
Օրինակ` վիրահատությունից հետո նրանց անհրաժեշտ է լինում մաքուր` ֆիլտրված ջուր, վիտամիններով հարուստ սնունդ, դյուրամարս յոգուրտներ, մրգեր ու կաթնամթերք, որը խանութներում արդեն անհնար է գտնել։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։