ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Մատուռի մոտ տոպրակով թողնված նորածին տղային գյուղի շները քաշելով հասցրել են գյուղացիներից մեկի տան հետնամաս, որտեղ էլ գտել են նրան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Ներքի Գետաշեն գյուղի վարչական ղեկավար Ռուբեն Զուլոյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի «Սուրբ թաղ» թաղամասում՝ մատուռի հարևանությամբ, նորածին երեխա է հայտնաբերվել դեղին պոլիէթիլենային տոպրակի մեջ։ Ոստիկաններն անմիջապես ահազանգել են Մարտունու բժշկական կենտրոն։ Բժիշկները տեղում բուժօգնություն են ցուցաբերել երեխային և տեղափոխել հիվանդանոց։ Ըստ տեղեկությունների` երեխան ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
«Դեպքը մոտավորապես 10։30-ին է եղել, բնակչուհին շների ոռնոց է լսել, դուրս է եկել տնից, իր տան բակի հետնամասում հավաքված շատ շներ է տեսել, հեռացրել այդ հատվածից, հետո ձայն է լսել, դեղին տոպրակը տեսել։ Մտածել է` կենդանի է երևի ներսում, մոտեցել է ու երեխային գտել։ Գրկել, տուն է տարել, հետո ոստիկանություն ենք զանգել»,– հայտնեց Զուլոյանը։
Այն հատվածը, որտեղ գտնվել է երեխան, մատուռից 70-80 մետր հեռավորության վրա է։ Ենթադրում են, որ երեխային թողել են մատուռում, այնտեղից արդեն շները քաշելով գյուղացու տան մոտ են հասցրել։ Գյուղապետի խոսքով` շները նորածին տղային չեն վնասել, միայն տոպրակն է քաշելուց մի քիչ պատառոտվել։
«Երեխան եղել է սպիտակեղենի մեջ փաթաթված։ 1 կգ 900 գրամ էր կշռում, երբ տեղափոխեցինք հիվանդանոց։ Բժիշկներն ասացին` մի 5-6 ժամ առաջ է լույս աշխարհ եկել»,– ասաց Զուլոյանը։
Նրա խոսքով` ոստիկանները հարցաքննություններ են իրականացրել ամբողջ թաղամասում։ Ինքը ենթադրում է, որ երեխային հարևան գյուղերից են բերել, քանի որ մատուռը հայտնի է տարածաշրջանում։