Հազարավոր մարդիկ կեսօրին մոտեցել են Երուսաղեմին՝ կառավարության դատական բարեփոխումների դեմ բողոքի երթի շրջանակներում: Թել Ավիվի և Երուսաղեմի միջև մայրուղով երթևեկությունը դժվարացել է, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Բողոքի երթը սկսվել է մի քանի օր առաջ, երբ ակտիվիստների մի փոքր խումբ Թել Ավիվից շարժվել է դեպի Երուսաղեմ:
Թել Ավիվը Երուսաղեմին միացնող թիվ 1 մայրուղու երկայնքով կանգնած են երթին մասնակցելու եկած ցուցարարների հարյուրավոր մեքենաներ: Ցուցարարների շարասյունը մի քանի կիլոմետր երկարության է հասել։ Մայրուղում հերթապահում են ոստիկանությունն ու ջրցան մեքենաները
Ցուցարարները չեն փակել ճանապարհը, սակայն գրավել են աջակողմյան գոտին, ինչը հանգեցրել է բազմակիլոմետրանոց խցանման՝ չնայած հրեական շաբաթին և ոչ խիտ եթևեկությանը:
Բողոքի ակցիաների կազմակերպիչների գնահատականներով՝ երթին մասնակցում է շուրջ 20 հազար մարդ։ Ցուցարարները շարժվում են դեպի խորհրդարանի շենք (Քնեսեթ), որտեղ հաջորդ շաբաթ կարող է վերջնականապես ընդունվել դատական բարեփոխումների շրջանակում ամենավիճահարույց օրինագծերից մեկը:
Ավելի վաղ Իսրայելի խորհրդարանի օրենսդրական հանձնաժողովը հավանություն էր տվել «ողջամտության գործոնի» մասին օրինագծի առաջին ընթերցումն անցած ուղղումներին, որը սահմանափակում է Գերագույն դատարանի՝ գործադիր իշխանության որոշումները վերահսկելու հնարավորությունները: Այս քայլը խորհրդանշում է Բենիամին Նեթանյահուի կառավարության կողմից միակողմանիորեն իրականացվող դատական բարեփոխումների գործնական սկիզբը: