ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Արցախում ստեղծված ծանրագույն իրավիճակը հանգուցալուծելու ուղղությամբ ջանքերն ուղղելու փոխարեն իշխանությունը տարբեր միջոցներով «ՀայաՔվեի» դեմ է պայքարում։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
«Գործող իշխանությունը պարբերաբար հայտարարում է, որ Ադրբեջանն Արցախի հայ ժողովրդի նոր ցեղասպանություն է պատրաստում, միևնույն ժամանակ հայտարարում է, որ պատրաստ է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։ Սա նման է դասական շիզոֆրենիայի։ Այսինքն` գործող իշխանությունը պատրաստ է Արցախը հանձնել Ադրբեջանին, որպեսզի վերջինս ցեղասպանություն իրականացնի»,– նշեց Չալաբյանը։
Ըստ նրա` Արցախում ստեղծված հումանիտար ծանր ճգնաժամի պայմաններում «ՀայաՔվեն» առավել արդիական է դառնում։
Չալաբյանը նշեց, որ անցած շաբաթվա ընթացքում «ՀայաՔվեի» աշխարհագրությունն ընդարձակվել է։ Երևանի վարչական բոլոր շրջաններում ստորագրահավաքը շարունակվել է, բացառությամբ` Նոր Մարաշ և Նուբարաշեն համայնքների, որոնցում մի քանի օրով դադարեցվել է, սակայն շուտով կվերսկսվի։ Մարզերում ևս աշխարհագրությունն ընդլայնվել է` արդեն ընդգրկելով 30-ից ավելի համայնքներ։
«Համայնքների զգալի մասում մենք արդեն աշխատել ենք ոչ միայն համայնքային կենտրոններում, այլև գյուղական բնակավայրերում։ Ուրախալի է այն փաստը, որ գյուղերում ակտիվությունը հաճախ ավելի բարձր է, քան խոշոր քաղաքներում։ Կա տարածված կարծրատիպ, թե գյուղերում հիմնականում գործող իշխանությունների աջակիցներն են, սակայն փորձը ցույց է տալիս, որ թերևս բացառությամբ Տավուշի մարզի որոշ գյուղերի, բոլոր մյուս գյուղերում ավելի մեծ ակտիվություն են ցույց տալիս, քան քաղաքներում»,– նշեց Չալաբյանը։
Նա շեշտեց, որ գործող իշխանությունները շարունակում են հակազդել, ընդ որում` նաև անօրինականմիջոցներով։ Եթե նախորդ շաբաթ հիմնական գործիքը սադրանքն էր, այս շաբաթ, արդեն, ըստ Չալաբյանի, ահաբեկման տեսքով է հակազդեցությունը եղել։
«Հանրային ծառայողներին ահաբեկում են, որ չմասնակցեն ստորագրահավաքին, ահաբեկում են, որ նույնիսկ ստորագրությունները հետ վերցնեն։ Ունենք դեպք, որ հանրային 4 ծառայող եկել են և խնդրել ետ վերցնել իրենց ստորագրությունները, որովհետև սպառնում են իրենց աշխատանքից ազատել»,– հայտնեց նախաձեռնության համակարգողը։
Նա հավելեց, որ դեպքերն արձանագրված են, և դրանց, ամենայն հավանականությամբ, ընթացք կտրվի։
Հիշեցնենք` հունիսի 20-ին հայտնի դարձավ, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է «ՀայաՔվե» նախաձեռնության դիմումը` 50 հազար ստորագրություն հավաքելու և Ազգային ժողով օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու համար։
Նախաձեռնության անդամները ցանկանում են հանրաքվեի միջոցով Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումից հրաժարվելու և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար օրենքով խիստ պատիժ նախատեսել։
Ստորագրահավաքի համար սահմանվել է 60-օրյա ժամկետ՝ 2023 թվականի հունիսի 21-ից օգոստոսի 19-ը։