ՄԻՊ–ը մի շարք խախտումներ է արձանագրել ՀՀ երկու մարզի ժամանակավոր պահման խցերում

ՄԻՊ–ը մի շարք խախտումներ է արձանագրել ՀՀ երկու մարզի ժամանակավոր պահման խցերում
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը նշում է, որ հարցն ավելի զգայուն է, երբ ազատությունից զրկվածը կին է կամ հաշմանդամություն ունեցող անձ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները մի շարք խախտումներ են արձանագրել Կոտայքի և Արագածոտնի մարզերի դատարանների` ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահման վայրերում։ Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ գրասենյակը։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի` խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այցեր են կատարել Կոտայքի և Արագածոտնի մարզերի Եղվարդի, Հրազդանի, Չարենցավանի և Աշտարակի նստավայրեր:
Այստեղ տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց, դատարանների աշխատակազմերի, դատական կարգադրիչների և ոստիկանության` ուղեկցող գումարտակի ծառայողների հետ:
«Մշտադիտարկված դատարանների բոլոր նստավայրերում խցերի սանհանգույցները խցի բնակելի հատվածից առանձնացված չեն եղել ամբողջական պատով և չեն ունեցել դռներ: Ավելին` կիսապատերն այնքան ցածր են եղել, որ մեծամասամբ չեն ծածկել անձի նույնիսկ մինչև գոտկատեղը։ Հարցն ավելի զգայուն է, երբ ազատությունից զրկված անձը կին է, իսկ ուղեկցող գումարտակի աշխատակիցները հիմնականում տղամարդիկ են»,– նշված է հաղորդագրության մեջ։
Արձանագրվել է, որ դատարանների խցերը և խցերի սանհանգույցները հարմարեցված չեն տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց կարիքներին:
Կոտայքի դատարանի Հրազդան նստավայրում ազատությունից զրկված անձանց պահելու համար նախատեսված միակ խուցը գտնվում է դատարանի շենքի առաջին հարկում, որտեղ չկան պատուհաններ, բնական լուսավորություն, բացակայում է օդափոխությունը։ Խցում չկա աթոռ, իսկ միակ սեղանը հիմնականում ծառայել է որպես պահեստ՝ վրան դրված են եղել մեծ թվով թղթապանականեր։ Բացակայել է ազատությունից զրկված անձանց համար նախատեսված սանհանգույցը, և նրանք ստիպված են եղել օգտվել ընդհանուր սանհանգույցից։ Ի տարբերություն շենքի այլ սենյակների՝ խցում բացակայել է նաև ջեռուցման համակարգը։
ՄԻՊ ներկայաացուցիչներն արձանագրել են, որ Աշտարակի նստավայրի խցերի դռներն ամբողջությամբ բաց ճաղերով են, իսկ ներսում սանհանգույցներն ունեն այնպիսի տեղակայում, որ ակնհայտ երևում են միջանցքից:
Սանհանգույց
Ուսումնասիրված խցերում բացակայել են հիգիենիկ պարագաները, մասնավորապես՝ Եղվարդի և Աշտարակի նստավայրերում՝ օճառը, սանիտարական թուղթը, աղբամանը, Չարենցավանի նստավայրում՝ օճառը և աղբամանը, ինչպես նաև խցերից մեկում չի եղել աթոռ և սանիտարական թուղթ։
Որևէ խցում չեն եղել ազատությունից զրկվածների համար նախատեսված սննդի ընդունման համար անհրաժեշտ պայմաններ:
Մշտադիտարկման ժամանակ ուսումնասիրվել են նաև ազատությունից զրկված անձանց դատարան տեղափոխման համար շահագործվող տրանսպորտային միջոցները․ մեքենաների խցերի չափերը չեն համապատասխանել միջազգային ստանդարտներին, չեն ունեցել բավարար լուսավորություն և օդափոխություն, տեղաշարժման կարիք ունեցող անձանց կարիքներին հարմարեցված չեն եղել։
ՄԻՊ գրասենյակից նշում են նաև, որ այցի արդյունքները կամփոփվեն և համապատասխան առաջարկներով կներկայացվեն իրավասու պետական մարմիններին:
ՀՀ ՄԻՊ–ը «Նուբարաշեն» ՔԿՀ–ում հանդիպել է Վարուժան Ավետիսյանի հետ