ՀՀ–ն կարող է աջակցել ՌԴ–ին, եթե չլինի սանկցիաների տակ հայտնվելու վտանգը. Փաշինյան

Փաշինյանը վստահեցրեց, որ պատժամիջոցների հարցով ՀՀ իշխանությունները լիարժեք համագործակցում են և՛ Եվրամիության հատուկ ներկայացուցչի, և՛ Միացյալ Նահանգների ներկայացուցչի հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ երկիր, պատրաստ է օգնել արևմտյան պատժամիջոցների տակ հայտնված Ռուսաստանին մինչև այն կետը, երբ ՀՀ համար ևս կառաջանա սանկցիաների տակ հայտնվելու վտանգ։ «Ֆրանս-պրես»գործակալությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով այն հրապարակումներին, որ ՀՀ–ն դարձել է մեքենաների հիմնական վերաարտահանողը դեպի Ռուսաստան` արևմտյան պատժամիջոցների ֆոնին։
Փաշինյանը վստահեցրեց, որ պատժամիջոցների հարցով ՀՀ իշխանությունները լիարժեք համագործակցում են և՛ Եվրամիության հատուկ ներկայացուցչի, և՛ Միացյալ Նահանգների ներկայացուցչի հետ:
«Այս հարցում էլ ենք թափանցիկ: Մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, Ռուսաստանը մեր հիմնական առևտրային գործընկերն է, և բնականաբար առաջին օրերից էլ հասկացել ենք, որ սանկցիաները, որոնք կիրառվում են արևմտյան երկրների կողմից ՌԴ նկատմամբ որոշակի խնդիրներ են առաջացնելու, հասկացել ենք նաև, որ Ռուսաստանը մեզնից որոշակի ակնկալիքներ է ունենալու, որպեսզի օգնենք այս բարդ տնտեսական միջավայրում, ինչքանով կարող ենք օգնել»,– հայտարարեց Փաշինյանը:
Նա նշեց, որ Արևմուտքն էլ ակնկալում է, որպեսզի ՀՀ–ն աջակցի իրենց՝ սանկցիաների ռեժիմը պահպանելու համար:
«Մենք մեր ռուսաստանցի գործընկերների հետ խոսելիս ասել ենք՝ հասկանում ենք ձեր ակնկալիքը և պատրաստ ենք հասցեագրել ձեր ակնկալիքը, բայց մինչև այն կետը, երբ Հայաստանի համար կառաջանա սանկցիաների տակ հայտնվելու վտանգ, որովհետև եթե ՌԴ-ի նման անծայրածիր պետությունը կարող է իրեն թույլ տալ սանկցիայի տակ հայտնվել, ապա Հայաստանն, առավել ևս այս ռազմաքաղաքական միջավայրում, չի կարող իրեն նման բան թույլ տալ: Եվ մենք այս նույն տեքստն ասել են նաև Արևմուտքին»,– ընդգծեց ՀՀ վարչապետը: