ՀՀ–ն համաձայնություն է տվել Մոսկվայում ԱԳ նախարարների մակարդակով հանդիպման առաջարկին

Արարատ Միրզոյանի և Ջեյհում Բայրամովի հանդիպումը Թբիլիսիում. Արխիվային լուսանկար
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ նախորդ հանդիպումն էլ անցկացվել է մայիսի 19-ին Մոսկվայում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Հայկական կողմը համաձայնել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մակարդակով հերթական եռակողմ հանդիպմանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
«Հայկական կողմը համաձայնություն է տվել Մոսկվայում ԱԳ նախարարների մակարդակով հանդիպման առաջարկին»,– ասաց Բադալյան:
Նա հավելեց, որ հանդիպման մասին այլ մանրամասներ լրացուցիչ կհաղորդվեն։
Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ մոտակա ժամանակներս անցկացվելու է Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ բանակցությունների հերթական փուլը։
Հավելենք, որ Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովն ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ այսօր հեռախոսազրույց են ունեցել։ Ըստ հրապարակված հաղորդագրության` նախարարները քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների պայմանավորվածությունների հիման վրա ադրբեջանա-հայկական կարգավորման առանցքային ուղիների շուրջ համատեղ աշխատանքի ակտիվացման ուղիները։
Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները։
Հիշեցնենք` վերջին անգամ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել են հունիսի 27-29-ը Վիրջինիա նահանգի Արլինգթոն քաղաքի Ջորջ Շուլցի արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում։
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ վերջին հանդիպումն էլ անցկացվել է մայիսի 19-ին Մոսկվայում։