ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Աշխարհում ոչ մի կազմակերպություն հավերժ չէ, և յուրաքանչյուր երկիր որոշում է կայացնում` ելնելով իր շահերից։ «Ֆրանս-պրես» գործակալությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսպես պատասխանեց լրագրողի հարցին, թե արդյոք նա տեսնում է ՀԱՊԿ–ը լքելու հեռանկար։
«Այն խնդիրը, որ մենք ունենք ՀԱՊԿ պարտականությունների կատարման և արդյունավետության հետ, մենք այդ հարցերը թափանցիկ քննարկում ենք մեր գործընկերների հետ։ Իրականում հարցն այն չէ, թե ՀՀ–ն դուրս կգա ՀԱՊԿ–ից, թե ոչ, այլ ՀԱՊԿ–ը ՀՀ–ից դո՞ւրս է գալիս, թե ոչ։ Անկախ շատ փորձագետներ ինձ պարբերաբար զեկույցներ են ուղարկում այն մասին, որ գործընթացները ցույց են տալիս, որ ՀԱՊԿ–ն է դուրս է գալիս ՀՀ–ից։ Ավելին, Ռուսաստանն է դուրս գալիս տարածաշրջանից։ Դա, իհարկե, թվում է ֆանտաստիկայի ժանրից, բայց ցավոք, մեր ժողովուրդն այդ պատմությունը տեսել է»,– հայտարարեց նա:
Լրագրողի հարցին` հասկանալի է, որ ՌԴ–ն չի բավարարել ՀՀ սպասելիքները 2020թ. պատերազմից հետ, ինչպե՞ս եք արդարացնում ձեր սերտ կապերը ՌԴ-ի հետ, Փաշինյանն ասաց, որ նույն հարցը կարելի է տալ մյուս երկրների մասին։
«Նույնիսկ այն երկրները, որոնք մարդու իրավունքները, ՄԱԿ–ի կանոնադրությունը, ժողովրդավարությունը համարում են առաջնահերթություն իրենց համար…հիմա ուզում ենք ասել, թե բոլոր այդ երկրները, որոնց հետ մենք ունենք բարեկամական հարաբերություններ, անում են մաքսիմալը, որպեսզի ԼՂ–ում հումանիտար ճգնաժամը հաղթահարվի՞։ Ուղիղ ձեզ ասեմ` ոչ ու ամենատարբեր պատճառներով` մեկը գազ է գնում, մյուսը նավթ է գնում, բայց մյուս կողմից ասենք` ոչինչ չեն անում, դա էլ ճիշտ չէ»,– ընդգծեց ՀՀ վարչապետը։
Հայաստանի վարչապետն ասաց, որ անկախ փորձագետներն իրեն պարբերաբար զեկույցներ են ուղարկում այն եզրակացությամբ, որ ՀԱՊԿ-ը հեռանում է Հայաստանից, կամ ընդհանրապես ՌԴ-ն հեռանում է տարածաշրջանից:
«Դա կարծես ֆանտաստիկայի ոլորտից է, բայց մեր ժողովուրդը պատմականորեն նման իրավիճակի հետ բախվել է։ Ի վերջո, ի՞նչն էր 1915 թվականի Հայոց ցեղասպանության պատճառը: Կոնֆլիկտային իրավիճակի արդյունքում և ներքին խնդիրների ճնշման ներքո ռուսական կայսրությունը ստիպված եղավ լքել տարածաշրջանը և հայերը, որոնք հստակ աշխարհաքաղաքական ընտրություն կատարեցին, մեն-մենակ մնացին Թուրքիայի հետ»,– հայտարարեց Փաշինյանը։
Փաշինյանը նշեց, որ տասնյակ վերլուծական եզրակացություններ է ստացել այն մասին, որ 1,5 օրվա ընթացքում ՌԴ-ում տեղ ունեցած իրադարձությունները (ռազմական ապստամբության փորձ խմբ.) կհանգեցնեն տարածաշրջանից ՌԴ հարկադիր հեռանալուն և 1915 թվականի սցենարի կրկնությանը։ Բայց 1915 թ հայերը չունեին պետականություն, իսկ հիմա ունեն։ Կա նաև ռիսկերը կառավարելու հնարավորություն, բայց դա Հայաստանին հեշտ չի տրվում, քանի որ տարածաշրջանն իր իրողություններն ունի. Թուրքիան և Իրանը ոչ մի տեղ չեն գնա, իսկ ահա աշխարհաքաղաքական խաղացողները` կարող են։