Վերջնական որոշում դեռ չկա. Սիմիդյանը` Սևանից լրացուցիչ ջրառի մասին

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը Սևանում. Արխիվային լուսանկար
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը շեշտեց, որ ոռոգման ջրի դեֆիցիտ կա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Սևանա լճից լրացուցիչ ջրառի հարցը քննարկումների փուլում է։ Կառավարության նիստից առաջ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը` մեկնաբանելով ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի բացասական եզրակացությանը` Սևանա լճից լրացուցիչ ջրառ կատարելու վերաբերյալ։
Նախագիծը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տիրույթում է, ակտիվ քննարկումներ են ընթանում, դրանից հետո որոշումը պարզ կլինի։
«Քննարկումներից պարզ կլինի, բայց ամեն դեպքում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է ոռոգման համար ջրային դեֆիցիտի մասին, ըստ քննարկումների, հետագան պարզ կլինի»,– ասաց Սիմիդյանը` անդրադառնալով այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր է, որ լրացուցիչ ջրառը չեղարկվի։
Ինչ վերաբերում է սոճիների շրջանում վարակի խնդրին, Սիմիդյանը նշեց` ուսումնասիրությունները վաղուց են սկսվել, հարցը հենց իր ուշադրության կենտրոնում է։ Նա տեղեկացրեց, որ շուտով նաև մասնագիտական հանձնաժողով կստեղծվի, որտեղ կհասկանան, թե ինչպես են վարվելու։
Սևանից լրացուցիչ ջրառը կարող է հանգեցնել ճահճացման, ջրի որակի անկման. Բարդուխ Գաբրիելյան
Հիշեցնենք` հուլիսի 17-ին հայտնի ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որ Սևանա լճից հավելյալ ջրառը պետք է բացառել: Հանձնաժողովը բացասական եզրակացություն է ուղարկել Ջրային կոմիտե Սևանա լճից հավելյալ ջրառի վերաբերյալ` հիմնավորելով, որ նույնիսկ նախատեսված 170 մլն խորանարդ մետր ջրառի դեպքում Սևանա լճի մակարդակի տարեկան փոփոխությունը կլինի բացասական։
Փորձագիտական հանձնաժողովը նաև շեշտել է հետևանքները` նշելով, որ Սևանի մակարդակի տատանումները հանգեցնելու են լճի էկոլոգիական վիճակի վատթարացման։
Օրերս նաև բնապահպանության ոլորտի մասնագետներն ահազանգել էին, որ «Սևան» ազգային պարկում հիվանդությամբ վարակված սոճու 10 000 ծառ կա, դրանք չորացման են գնում։