ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Լաս Վեգասում 89 տարեկանում մահացել է լեգենդար Քևին Միտնիկը՝ 20-րդ դարի ամենավտանգավոր ամերիկացի ցանցահեններից մեկը: Տեղեկությունը հայտնում է «The New York Times»-ը:
Պարբերականի տվյալներով՝ նա մահացել է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բարդությունների հետևանքով։
Միտնիկը հայտնի դարձավ անցյալ դարի 90-ական թվականներին, երբ նրան հաջողվեց օգտատերերի վարկային քարտերի տվյալներով հազարավոր ֆայլեր գողանալ ամբողջ երկրի համակարգիչներից: Իր գործողություններով նա վնաս հասցրեց համակարգչային տարբեր համակարգերի, հեռախոսային ցանցերի։ ԱՄՆ հատուկ ծառայությունների աշխատակիցներն այն ժամանակ Միտնիկին անվանում էին «աշխարհի ամենափնտրվող համակարգչային հաքեր»։
1994 թվականի դեկտեմբերի 25-ի գիշերը Միտնիկը կոտրեց համակարգչային անվտանգության ամերիկյան առաջատար մասնագետ Ցուտոմու Շիմոմուրայի տան համակարգիչը։
1995-ին ՀԴԲ-ն ձերբակալեց նրան և մեղադրեց հեռախոսային տվյալների ապօրինի հասանելիություն ստանալու և համակարգչային խարդախության մեջ:
1998 թվականին նրա կողմնակիցների խումբը մի քանի ժամով «գրավեց» «The New York Times»-ի կայքը՝ ստիպելով դադարեցնել աշխատանքը։ Մեկ տարի անց Միտնիկն ընդունեց իր մեղքը և դատապարտվեց գրեթե 10 տարվա ազատազրկման։
2000 թվականին բանտից դուրս գալուց հետո նա այլևս չվերադարձավ նախկին աշխատանքին. համենայն դեպս որևէ դեպքի պաշտոնական հաստատում չկա։ 2003 թվականից նրան պաշտոնապես թույլատրվեց օգտվել համացանցից և հեռախոսներից։ 2010 թվականին Քևին Միտնիկը զբաղվում էր համակարգչային համակարգերի պաշտպանության հարցերով։