Հրդեհ է բռնկվել Երևանի Քոչինյան փողոցի շենքերից մեկում։ Տեղեկությունը դեպքի վայրից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։
Կադրերում երևում է, որ կրակի բոցերը թափվում են տանիքից։
Խոշոր հրդեհ Երևանի կենտրոնում
© Sputnik / Aram Nersesyan
Մարդիկ դուրս են եկել մոտակա շենքերից ու սրճարաններից։
Sputnik Արմենիայի թղթակիցը տեղեկացնում է, որ հրդեհը տարածվել է նաև նույն շենքի վերին հարկերից մեկում։
Այս պահին դեպքի վայր են ժամանել 4 մարտական հաշվարկ։
Ավելի ուշ ՀՀ ՆԳՆ ՓԾ–ից հայտնեցին, որ հրդեհը բռնկվել է Ամիրյան փողոցի թիվ 4/6 շենքի տանիքում, ապա տարածվել 9-րդ հարկի բնակարաններից մեկի բաց պատշգամբ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:14-ին, մարվել՝ 23:51-ին: Այրվել են շենքի տանիքում տեղադրված ծխահեռացման համակարգը՝ շարժիչներով, ծխատարի արտաքին երեսպատման շերտը, իսկ 9-րդ հարկի բաց պատշգամբում՝ գույք:
Դեպքի վայրում են գտնվել ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը, տնօրենի տեղակալներ փ/ծ գնդապետ Դավիթ Սարգսյանը և փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը։