ՀՀ–ից ՌԴ մեքենաների արտահանումը չի ավելացել. Բադասյանը հերքում է «Financial Times»–ի լուրը

Ըստ ՊԵԿ նախագահի` լրատվամիջոցը դիմել է նաև իրենց, սակայն տրամադրված տվյալները չի հրապարակել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. ՀՀ իշխանությունները թե՛ Եվրամիության, թե՛ ԱՄՆ գործընկերների հետ ամենօրյա կապի մեջ է, գործընկերների հետ բաց ու պարզ եղանակով են աշխատում և համագործակցում։ ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը` անդրադառնալով «Financial Times»–ի հրապարակմանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ «Financial Times»–ի` Հայաստանից ՌԴ ավտոմեքենաների արտահանումը միայն 2023 թվականի հունվարին 2022 թ նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 200 անգամ՝ կազմելով 180 մլն դոլար։ Եվ այս ամենը պարբերականը դիտարկել է ՌԴ–ի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների ֆոնին։
«Ի դեպ, այդ լրատվամիջոցը ի սկզբանե դիմել էր մեզ, սակայն մեր պատասխանը, մեր մեկնաբանությունները կամ մեր թվերը ներկայացված չէին այդ հրապարակման մեջ։ Մենք, օրինակ, նշել էինք, որ 2019 թ մեքենաների շատ մեծ հոսք կար ՀՀ–ից դեպի ՌԴ, որը սանկցիաների հետ կապված չէր»,– ընդգծեց Բադասյանը։
Նա նաև ավելացրեց, որ ոչ բոլոր մեքենաներն են պատժամիջոցների տակ, բացի այդ, հրապարակման մեջ կան որոշ անհամապատասխանություններ։
Հիշեցնենք, որ 2022 թ նոյեմբերի 18–ին Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում Հայաստանի ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիայի նախագահ Արտյոմ Պետրոսյանը հայտնել էր, որ Հայաստանը Բելառուսից, Ղազախստանից և Վրաստանից հետո 4-րդ տեղն է զբաղեցնում Ռուսաստան ավտոմեքենաների արտահանմամբ։ 2022 թ վերջին վեց ամսվա ընթացքում Ռուսաստան ավտոմեքենաների արտահանման մեջ Հայաստանի մասնաբաժինը 6,5 տոկոս է կազմել։