ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. ՀՀ Կենտրոնական բանկը Օլիմպիական խաղերի հայ առաջին չեմպիոն Հրանտ Շահինյանի 100-ամյակի առիթով 1000 դրամ անվանական արժեքով արծաթե հուշադրամ է թողարկել։ Տեղեկությունը հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը։
Հուշադրամի դիմերեսին Հրանտ Շահինյանի կողմից մարմնամարզական օղակների, նժույգաթափի վրա կատարվող վարժությունների ոճավորված պատկերներն են: Իսկ դարձերեսին պատկերված է Հրանտ Շահինյանի կիսանդրին։
Էսքիզների հեղինակներն են Էդուարդ Կուրղինյանն ու Լուսինե Lալայանը։
Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում` 200 հատ քանակով։
Հրանտ Շահինյանը Օլիմպիական չեմպիոն է, կրկնակի ոսկե և կրկնակի արծաթե մեդալակիր (Հելսինկի 1952 թ.), աշխարհի առաջնության կրկնակի ոսկե դափնեկիր (Հռոմ, 1954 թ.), ԽՍՀՄ յոթակի և բացարձակ չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1951 թ.), ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ (1961 թ.), ՀԽՍՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ (1966 թ.):
Հայրենական մեծ պատերազմի առաջին իսկ օրերից Շահինյանը կամավոր մեկնել է ռազմաճակատ, վիրավորվել ոտքից և միայն 1946 թ-ից է վերսկսել մարմնամարզությամբ զբաղվելը:
Առաջին լուրջ հաջողությանը հասել է 1949 թ. Բուդապեշտում՝ Երիտասարդների ու ուսանողների համաշխարհային փառատոնում՝ նվաճելով վեց ոսկե մեդալ:
Մարմնամարզության համաշխարհային ֆեդերացիայի որոշմամբ նժույգաթափի վրա Շահինյանի առաջինը կատարած վարժություններից մեկը կոչվում է հենց նրա պատվին` «Շահինյանի պտուտան»:
Սպորտային կարիերան ավարտելուց հետո զբաղվել է մարզչական գործունեությամբ:
Հայրենիքին մատուցած ծառայությունների և սպորտային բացառիկ նվաճումների համար արժանացել է բազմաթիվ պարգևների, այդ թվում՝ Միջազգային օլիմպիական կոմիտեի «Արդարացի խաղի համար» մրցանակի (1994 թ.): 2005 թ․ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն սահմանել է «Հրանտ Շահինյան» մեդալը: