ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Այսօր ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության վարչական շենքի 5-րդ հարկի պատուհանից նետված տղամարդն ազգությամբ ռուս էր, 30 տարեկան, ՌԴ քաղաքացի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Նշվում է, որ նրան ձերբակալելու որոշում են կայացրել, քանի որ օպերատիվ տեղեկություններ են ստացել վերոհիշյալ անձի կողմից իր անվամբ թմրամիջոցների՝ դեմիթոքսիֆենէթիլամինի պարունակությամբ ծանրոցներ ստանալու մասին:
«Տեսագրման պայմաններում և փաստաբանի ու թարգմանչի մասնակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում անցկացվել է հարցաքննություն և դրան առնչվող անհրաժեշտ վարույթային գործողություններ»,– ասված է հաղորդագրությունում։
Այդ գործողությունների ավարտից հետո տղամարդը հետաքննության մարմնի ծառայողների ուղեկցությամբ, ձեռնաշղթաներով դուրս է եկել նախաքննություն իրականացնող քննիչի՝ հինգերորդ հարկում գտնվող աշխատասենյակից, միջանցքով մինչև վերջ գնացել դեպի վերելակ տանող ելքի դուռը։ Դուռը բացվելուն պես նա անակնկալ արագ մոտեցել է վերելակին անմիջականորեն կից բաց պատուհանին և նետվել, ինչի հետևանքով մահացել է։
Նշենք, որ ավելի վաղ shamshyan.com-ը հայտնել էր, որ տղամարդը նետվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության 5-րդ հարկի պատուհանից։