ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Ավստրալիայի կառավարությունը նոր պատժամիջոցներ է սահմանում ռուսական 35 կազմակերպությունների և Ռուսաստանի ու Բելառուսի 10 քաղաքացիների նկատմամբ: Տեղեկությունը հայտնել է երկրի արտգործնախարար Փենի Վոնգը։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Պատժամիջոցներ են սահմանվում պաշտպանական, տեխնոլոգիական և էներգետիկ ոլորտների 35 ձեռնարկությունների և Ռուսաստանի ու Բելառուսի 10 քաղաքացիների նկատմամբ։ Այս որոշումը, որն ընդունվել է մեր միջազգային գործընկերների հետ սերտ համակարգմամբ, պետք է առավելագույն ճնշում գործադրի այն քաղաքացիների վրա, որոնք ուղղակի կամ անուղղակի աջակցում են Ռուսաստանի ներխուժմանն Ուկրաինա», - հայտարարել է Վոնգը։
Ավստրալիայի արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ պատժամիջոցների տակ են հայտնվել նաև այն ձեռնարկությունները, որոնք Ռուսաստանի համար կարևոր տնտեսական և ռազմավարական նշանակություն ունեն:
Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ պատժամիջոցների նոր ցուցակում ներառվել են այն ընկերությունները, որոնք առաջատար տեխնոլոգիաներ, էլեկտրոնիկա ու սարքավորումներ են մատակարարում ռուսական զինված ուժերին, և այն կազմակերպությունները, որոնք զբաղվում են ատոմային էներգետիկայով ու արկտիկական ռեսուրսների արդյունահանմամբ:
Բացի այդ, ֆինանսական սահմանափակումներ են մտցվել ՌԴ առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովի, փոխվարչապետ Դմիտրի Չեռնիշենկոյի, ՌԴ-ում Մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի, Դաշնության խորհրդի առաջին փոխխոսնակ Անդրեյ Տուրչակի, ինչպես նաև «Կալաշնիկով» կոնցեռնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Լեպինի և «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգի գլխավոր տնօրեն Նիկոլայ Կոլեսովի նկատմամբ:
2014 թվականի մարտից Ավստրալիայի կառավարությունն ավելի քան 25 անգամ հայտարարել է հակառուսական սահմանափակումներ մտցնելու մասին: Կանբերայի պատժամիջոցների ցանկում ներառված են ավելի քան 1,1 հազար քաղաքացիներ և ՌԴ ավելի քան 300 ձեռնարկություններ: Երկրի իշխանությունն ամբողջությամբ դադարեցրել է առևտրային հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ, սառեցրել սև ցուցակում հայտնված անձանց ակտիվները և արգելել ազգային կազմակերպություններին գործեր վարել պատժամիջոցների տակ հայտնված ընկերությունների հետ: