ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Հայաստանում առաջիկայում անոմալ շոգեր չեն գրանցվի, օդի առավելագույն ջերմաստիճանը կհասնի 38 աստիճանի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նրա խոսքով` այս տարվա զով եղանակը պայմանավորված է մթնոլորտի շրջանառության առանձնահատկությամբ։ Սովորաբար այս սեզոնին կլիմայական պայմանների ձևավորման վրա ազդում են հարավից ներթափանցող տաք օդային հոսանքները։
Սակայն լինում են բացառիկ տարիներ, որ այդ տաք օդային հոսանքների ներթափանցումը թույլ է արտահայտվում։
«Այսպիսի տարի մենք ունեցել ենք 2009 թվականին, երբ Հայաստանը գտնվել է Սև ծովից եկող համեմատաբար սառը օդային հոսանքների ազդեցության գոտում, որոնք իրենց հետ բերում են և՛ տեղումներ, և՛ օդի ջերմաստիճանի նվազում»,–ասաց Սուրենյանը։
Նա նշեց, որ հուլիսի 19–21–ը օդի ջերմաստիճանը հանրապետության տարածքում կբարձրանա 5-7 աստիճանով։
«Բայց անոմալ շոգեր չենք սպասում։ Ամենաբարձր ջերմաստիճանը կլինի հուլիսի 20-21–ին Երևանի ցածրադիր հատվածներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովտային գոտում` մինչև 38 աստիճան»,–ասաց նա։
Սուրենյանի խոսքով` անոմալ շոգ է համարվում, երբ օդի ջերմաստիճանը 40 և ավելի է լինում։ Բայց 38 աստիճանն էլ զով անվանելն այդքան էլ ճիշտ չէ։
Ինչ վերաբերվում է երեկոյան ժամերին առկա քամիներին, Սուրենյանը նշեց, որ դրանք լեռնահովտային են, որոնք ամեն տարի էլ լինում են։
«Երեկոյան ժամերին լեռնային շրջաններից, հատկապես` Սևանի ավազանից, օդային հոսանքն իջնում է դեպի Արարատյան դաշտ»,– նշեց նա։
Սուրենյանը հավելեց, որ վերջին ժամանակաշրջանում օդերևութաբանական կանխատեսումների հուսալիությունը բարձրացել է, քանի որ ցանցը վերազինվել է ավտոմատ օդերևութաբանական կայաններով, որոնք առցանց ռեժիմով անընդհատ հետևում են հանրապետության ցանկացած կետում օդերևութաբանական ընթացքին։