Քաղաքացիները, «Արցախ» վանկարկելով, ակցիա են իրականացնում Հայաստանում ԱՄՆ դեսպանատան առջև։ Նրանց շարքերում են նաև «Դիզակ Արտ» մշակութային կենտրոնի սաները, որոնք հայրենազրկվեցին 44-օրյա պատերազմի հետևանքով։
«Մենք ընդամենը խնդրում և պահանջում ենք, որ դուք կիրառեք այն ստանդարտները, որ կիրառում եք նրանց համար, ում համարում եք ագրեսոր։ Այսօր, երբ Ադրբեջանի իշխանությունը, Ալիևի հանցախումբն իրականացնում է սպանդ Արցախի և հայ ժողովրդի դեմ, դա իրականացվում է նաև ձեր և աշխարհի մյուս գերտերությունների լռության ու անտարբերության քողի ներքո։ Ես խնդրում եմ` տե՛ր կանգնեք մարդկանց իրավունքներին, թող դրանք չլինեն ուղղակի դեկլարատիվ հայտարարություններ»,– իր ելույթում նշեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Նա նշեց, որ ԱՄՆ–ի դեսպանատան մոտ են եկել երկու պահանջով։ Առաջինն այն է, որ ԱՄՆ–ն ջանքեր գործադրի, որպեսզի Ադրբեջանը բացի Լաչինի միջանցքի` կյանքի ճանապարհը։ Երկրորդ պահանջն էլ Կոսովոյի օրինակով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է։
«Ինչո՞ւ մյուսների իրավունքները հարգելի է, մյուսների ինքնորոշման իրավունքն ընկալելի է աշխարհի համար, իսկ արցախցիների ինքնորոշման իրավունքը, որ կատարվել է օրենքի տառին համապատասխան, աշխարհը չի ճանաչում, չի ընդունում»,– հայտարարեց Թովմասյանը։
Նա հարց հնչեցրեց` մի՞թե տնտեսական շահն ավելի գերակա է, քան մարդու իրավունքների պաշտպանությունը։ ԱԺ պատգամավորը կոչ արեց ԱՄՆ–ին միջոցներ ձեռնարկել թույլ չտալու համար, որ Արցախում թերսնված երեխաներ լույս աշխարհ գան։
Նա շեշտեց` հայ ժողովրդի մեծ մասի պատկերացումը համանման է` Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։
Այսօր ավելի վաղ քաղաքացիներն ակցիա էին իրականացնում Ֆրանսիայի դեսպանատան մոտ, իսկ երեկ` հուլիսի 17-ին, բողոքի ակցիաներ անցկացվեցին Հայաստանում ՄԱԿ–ի գրասենյակի և Ռուսաստանի դեսպանատան առջև։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։