Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի բոլոր անդամներին դատախազություն են հրավիրել

Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը. Արխիվային լուսանկար
Ըստ հրապարակված ծանուցագրերի` նրանց անվամբ հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի բոլոր չափահաս անդամները հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազություն։ Համապատասխան ծանուցագրերը հրապարակվել են ՀՀ արդարադատության նախարարության azdarar.am կայքում։
Մասնավորաբար, դատախազություն են հրավիրվել Ռոբերտ Քոչարյանն ու կինը` Բելա Քոչարյանը, ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը և նրա կինը` Զարուհի Բադալյանը, կրտսեր որդին` Լևոն Քոչարյանը և կինը` Սիրանուշ Հարությունյանը, դուստրը` Գայանե Քոչարյանն ու ամուսինը` Վիգենը Չատինյանը։
«Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ռոբերտ Սեդրակի Քոչարյանին և Սեդրակ Ռոբերտի Քոչարյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում են ուսումնասիրություններ, որոնց արդյունքում կազմվել են ամփոփագրեր, ինչի հիման վրա Ձեր անվամբ հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա»,– նշված է բոլորին ուղարկված ծանուցագրերով։
Հավելենք, որ Քոչարյանի ընտանիքի բոլոր անդամները դատախազություն են հրավիրվել օգոստոսի 1-ին՝ ժամը 14:30-ին։
Հիշեցնենք, որ հուլիսի 14–ին հայտնի դարձավ, որ ՀՀ դատախազությունն ուզում է բռնագանձել Քոչարյանին պատկանող անշարժ գույքը և դրամական միջոցները։ ՀՀ երկրորդ նախագահի և նրան փոխկապակցված յոթ անձի գույքի նկատմամբ ՀՀ դատախազության դիմումի հիման վրա կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց։