ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Ստամբուլում ՄԱԿ-ի պատվիրակությունը անհրաժեշտության դեպքում բաց է հացահատիկային գործարքի վերաբերյալ խորհրդակցությունների համար: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՄԱԿ-ի կողմից գործարքը համակարգողի մամուլի քարտուղար Իսմինի Փալան։
Հացահատիկի գործարքը դադարեցվել է հուլիսի 18-ից, սակայն ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է` Ռուսաստանն անհապաղ կվերադառնա դրա իրականացմանը, երբ գործարքի՝ ՌԴ–ին առնչվող հատվածն իրականացվի։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ նշել էր, որ Ռուսաստանի նկատմամբ գործարքի պայմանները չեն կատարվել՝ չնայած ՄԱԿ-ի ջանքերին, քանի որ արևմտյան երկրները չեն պատրաստվում կատարել խոստումները:
«Ստամբուլում ՄԱԿ-ի պատվիրակությունը անհրաժեշտության դեպքում հասանելի է խորհրդակցությունների համար», - հայտնել է Փալան:
Համատեղ համակարգող կենտրոնը հուլիսի 17-ին ավարտել է հացահատիկի գործարքի շրջանակում վերջին նավի ստուգումը:
Սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը, որը 2022 թվականի հուլիսի 22-ին ստորագրեցին Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանումը Սև ծովով երեք նավահանգիստներից` ներառյալ Օդեսան։ Նավերի տեղաշարժի համաձայնեցմամբ զբաղվում է Ստամբուլում տեղակայված Համատեղ համակարգող կենտրոնը։
Հացահատիկային նախաձեռնությունը փաթեթային պայմանավորվածության բաղկացուցիչ մաս է կազմում։ Երկրորդ մասը՝ Ռուսաստան-ՄԱԿ հուշագիրը, որը նախատեսված է երեք տարվա համար, նախատեսում է Ռուսաստանից պարենի և պարարտանյութերի արտահանման ապաշրջափակում, հիմնական խնդիրների թվում նշվում է «Ռոսսելխոզբանկի» վերամիավորումը SWIFT-ին, գյուղատնտեսական տեխնիկայի, պահեստամասերի և սպասարկման մատակարարումների վերսկսումը, «Տոլյատի-Օդեսա» ամոնիակատարի աշխատանքի վերականգնումը և մի շարք այլ միջոցառումներ:
Մոսկվայում նշում են, որ փաթեթային պայմանավորվածության այդ մասը չի կատարվել։
Վլադիմիր Պուտինը բազմիցս ասել է, որ Արևմուտքը ուկրաինական հացահատիկի մեծ մասն արտահանում է իր երկրներ, իսկ գործարքի գլխավոր նպատակը՝ հացահատիկի մատակարարումը կարիքավոր երկրներին, այդ թվում՝ աֆրիկյան պետություններին, այդպես էլ չի իրականացվել։