Կեսգիշերին տեղի ունեցած վթարի զոհերի թիվը հասել է 3–ի. ՔԿ–ն նոր մանրամասներ է ներկայացրել

Նշանակվել են փորձաքննություններ, կատարվել է դեպքի վայրի զննություն։Վթարի մասնակից տրանսպորտային միջոցները տեղափոխվել են հատուկ պահպանման վայր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Երևան-Երասխ ճանապարհի 32-րդ կիլոմետր հատվածում 5 տրանսպորտային միջոցների մասնակցությամբ տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով մահացածների թիվը հասել է 3–ի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը` հավելելով, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 18–ին` կեսգիշերն անց, Արտաշատ-Շահումյան ավտոճանապարհի 32-րդ կմ-ին ավտոմեքենաներ են բախվել, կա 1 զոհ, 17 տուժած։ Տուժածներից 3–ը ստացել են առաջին բուժօգնություն ու դուրս գրվել հիվանդանոցից:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ իրար են բախվել Այգեվան գյուղի բնակչի վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի, Արալեզ գյուղի բնակչի վարած «Գազել» մակնիշի, Փոքր Վեդի գյուղի բնակչի վարած «Ինֆինիտի» մակնիշի, Արարատ գյուղի բնակչի վարած «Մերսեդես» մակնիշի և Փոքր Վեդի գյուղի բնակչի «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաները։
Պատահարի հետևանքով տեղում մահացել է 21-ամյա ուղևոր, իսկ 17 անձ տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի, Մասիսի և Երևան քաղաքի բուժկենտրոններ:
«Էրեբունի» ԲԿ-ից հաղորդել են, որ մարմնական վնասվածքներ ստացած անձանցից ևս երկուսը՝ ուղևորներից 43 ամյա տղամարդը և ԲՄՎ-ի 25-ամյա վարորդը, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով` մահացել են:
Նշանակվել են փորձաքննություններ, կատարվել է դեպքի վայրի զննություն։
Վթարի մասնակից տրանսպորտային միջոցները զննվել են և տեղափոխվել հատուկ պահպանման վայր:
ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) նախաձեռնվել է քրեական վարույթ: