ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Հայաստանյան 20 հեռուստաընկերություն համատեղ հայտարարություն են տարածել` «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ–ից (ՀՀՌՑ) պահանջելով մինչև այս տարվա վերջ դադարեցնել անջատումները։
Առաջարկվում է շահագրգիռ կողմերի՝ Ազգային ժողովի, կառավարության, ՀՌՀ-ի (Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով) և բոլոր հեռուստաընկերությունների մասնակցությամբ մշակել հանրային մուլտիպլեքսի գործունեության արդյունավետ և տրամաբանական հայեցակարգ։
«Բացասական արձագանքի պարագայում ներքոստորագրյալ հեռուստաընկերություններն իրենց իրավունքները պաշտպանելու համար օրենքով սահմանված կարգով դիմելու են հավելյալ անհրաժեշտ քայլերի»,– նշված է հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ ասվում է, որ հանրային մուլտիպլեքսում հեռարձակվող «Արմենիա թի-վի», «Ա-թիվի», «Շանթ», «Դար-21», «Ֆրի նյուզ», «Ֆորտունա» հեռուստաընկերությունների համար անակնկալ հարված եղավ ՀՀՌՑ–ի կողմից եթերազրկվելը՝ վճարումների ուշացման պատճառաբանությամբ։
Նշվում է նաև, որ վերջին տարիների աղետալի իրադարձությունների՝ համավարակի, պատերազմի, ինչպես նաև օրենսդրական խստացումների հետևանքով շեշտակիորեն կրճատվել են բոլոր հեռուստաընկերությունների գովազդային եկամուտները։ Արդյունքում հեռուստաընկերությունների համար գրեթե անհնար է դառնում Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների պատշաճ և ամբողջական լուսաբանումը։
«Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր ընտրությունների ընթացքում հեռուստաընկերությունները ձեռք են բերում հավելյալ եկամուտներ, որոնք ուղղվում են ՀՀՌՑ-ին ունեցած պարտքերի մարմանը։ Փաստորեն արվում է ամեն ինչ՝ ի չիք դարձնելու այդ հնարավորությունը»,– դժգոհություն է հնչում հեռուստաընկերություններից։
Հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ ՀՀՌՑ-ն, հեռուստաընկերություններին ոչ ամբողջական, հաճախ անորակ ծառայություններ մատուցելով հանդերձ, այնուամենայնիվ, ստիպում է վճարումներ կատարել դրանց դիմաց։
Հայտարարությունը ստորագրել են հանրային մուլտիպլեքսում հեռարձակվող հանրապետական, մայրաքաղաքային և մարզային հեռուստաընկերություններ՝
Երկիր մեդիա ՀԸ
Կենտրոն ՀԸ
Շանթ ՀԸ
Ա-ԹիՎի ՀԸ
Արմենիա Թի-Վի ՀԸ
:Բուն Թի Վի ՀԸ
Նուռ ՀԸ
Նոր Հայաստան ՀԸ
5-րդ ալիք ՀԸ
Ֆրի Նյուզ ՀԸ
21 ԹիՎի ՀԸ
Դելտա ԹիՎի ՀԸ
Արարատ Թիվի ՀԸ
Արմա ԹԻ-ՎԻ ՀԸ
Գեղամա ՀԸ
Ֆորտունա ՀԸ
Կոտայք Թի Վի ՀԸ
Ցայգ ՀԸ
Սյունիք ՏՎ ՀԸ
Տավուշ ՏՎ ՀԸ
Հիշեցնենք`ապրիլի 11–ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անձնակազմի կառավարման, իրավաբանական և տնտեսագիտական վարչության պետ Գարիկ Հայրապետյանն ասել էր, որ «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերության և հեռուստաընկերությունների միջև կնքված պայմանագրերի համաձայն` հեռարձակումը կարող է ժամանակավորապես դադարեցվել, եթե հեռուստաընկերությունները չեն կատարում պայմանագրով նախատեսված իրենց պարտավորությունները:
Նա զգուշացրել էր, որ մի քանի հեռուստաընկերությունների հեռարձակումը ժամանակավորապես (առաջին անգամ` 2 ժամով) կդադարեցվի, խոսքը գնում է «Շանթ», ATV, Freenews, «Դար 21» և «Ֆորտունա» հեռուստաընկերություններին: