ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշակմաձեին։ Տեղեկությունը հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնը։
«Վեհափառ հայրապետն իր գնահատանքը փոխանցեց վրաց իշխանություններին տիրող դժվարին իրավիճակում Հայաստանին ցուցաբերվող զորակցության, ինչպես նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձման նպատակով միջնորդական ջանքերի համար»,– նշված է հաղորդագրության մեջ։
Գարեգին 2–րդը կարևորել է երկու երկրների միջև փոխայցերը, որոնք նպաստում են հայ-վրացական բարեկամական կապերի առավել ամրապնդմանը և զարգացմանը:
Իր խոսքում Զազա Վաշակմաձեն խոսել է վիրահայոց թեմի հետ ձևավորված գործակցության մասին։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Վրաստանում հոգևոր ժառանգության պահպանմանը, հայոց և վրաց եկեղեցիների փոխհարաբերություններին և հայ-վրացական կապերի հետագա ամրապնդմանն առնչվող հարցերին։
Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն, ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի պետ Վարդան Ասցատրյանը։