ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտի հետ քննարկել է անհետ կորածների ու գերեվարվածների հարցը։ Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ գրասենյակը։
«Պաշտպանն անդրադարձել է անհետ կորած, գերեվարված և զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց, ինչպես նաև վերջիններիս ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Նա տեղեկացրել է, որ պարբերաբար հանդիպումներ է ունենում վերջիններիս ծնողների և հարազատների հետ, և ներկայացված խնդիրները բարձրաձայնում միջազգային գործընկերների հետ հանդիպումների և հաղորդակցությունների ընթացքում»,– ասված է հաղորդագրությունում։
Մանասյանը ներկայացրել է նաև ՄԻՊ աշխատակազմի գործունեության առաջնահերթությունները: Այս համատեքստում նա ընդգծել է ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում իրականացվող աշխատանքների կարևորությունը:
Պաշտպանը նշել է, որ այդ երևույթներն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում լայն տարածում են գտնում, ինչն անընդունելի է: Հատկապես մտահոգիչ է ատելության խոսքի կիրառումն ակադեմիական համայնքում, քաղաքական և հանրային գործիչների կողմից, ինչպես նաև մեդիադաշտում։ Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ ատելության խոսքի ցանկացած դրսևորում պետք է բացառվի հանրային խոսույթից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԽ գրասենյակի կողմից իրականացվող ոլորտային ծրագրերը, որոնք առնչվում են ընտանիքում բռնության կանխարգելմանը, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանը և մի շարք այլ հարցերի։
Մարտինա Շմիդտն իր հերթին կարևորել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՄԻՊ աշխատակազմի և Եվրոպայի խորհրդի միջև ձևավորված երկարամյա և արդյունավետ համագործակցությունը՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել արդյունավետ աշխատանքը։