ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի - Sputnik․ Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն ՌԴ Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի հետ քննարկել է Ադրբեջանի ԱԳՆ-ի ոչ կոռեկտ հայտարարությունները։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն տարակուսանք և ափսոսանք առաջացնող էր անվանել Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությունը՝ կապված 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության և Երևանի ու Բաքվի միջև խաղաղ գործընթացի հետ:
Նշել են, որ ՌԴ ԱԳՆ հայտարարությունը չի համապատասխանում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրին, ինչպես նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշմանը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը աջակցելու վերաբերյալ:
«Ռուսաստանի ԱԳՆ հուլիսի 15-ի հայտարարության վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ–ի ոչ կոռեկտ մեկնաբանությունների կապակցությամբ ընդգծվել է, որ Ռուսաստանի Դաշնությունը մշտապես հարգանքով է վերաբերվել և վերաբերվում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, լիովին հավատարիմ է դաշնակցային փոխգործակցության մասին երկկողմ հռչակագրին: Միաժամանակ դա չի չեղարկում հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի համալիր առաջխաղացման, օրակարգում դրված բոլոր հարցերի լուծման խնդիրը, ներառյալ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության ապահովումը, բացառապես խաղաղ քաղաքական-դիվանագիտական մեթոդներով», - ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Հավելել են, որ զրույցի ընթացքում քննարկվել են իրավիճակը Հարավային Կովկասում, ինչպես նաև Երևանի և Բաքվի հաշտեցման գործընթացը: Ռուսական կողմը վերահաստատել է իր դիրքորոշումը` Լաչինի միջանցքի ամբողջական և անհապաղ ապաշրջափակման, 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն երկու ուղղություններով տրանսպորտային հաղորդակցության վերականգնման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի բնականոն կենսաապահովման համար պայմանների ստեղծման անհրաժեշտության վերաբերյալ։
Ռուսական կողմը հաստատել է մոտ ժամանակներս Մոսկվայում ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում կազմակերպելու պատրաստակամությունը՝ բարձր մակարդակով քննարկելու պայմանավորվածությունների կատարման ուղիները, ներառյալ խաղաղության պայմանագրի համաձայնեցման թեման, որին հաջորդելու է Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը՝ հիշյալ փաստաթուղթը ստորագրելու համար: