ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» պատրաստվում է աստիճանաբար ավելացնել Քաջարանի հանքի արդյունահանման ծավալները։ Տարեկան նախատեսվում է 22–ից 30 միլիոն տոննա հանքաքար արդյունահանել։
Նպատակն է ունենալ այն քանակի հումք, որից տնտեսապես շահավետ կլինի ձուլել մաքուր պղինձ։ Ինչպես հայտնի է, պղնձաձուլարանը համատեղ ծրագրել են կառավարությունն ու «ԳեոՊրոմայնինգ» ընկերությունների խումբը, որը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» գլխավոր բաժնետերն է (կառավարությունը, իր հերթին, ունի 20%-ից ավելի բաժնեմաս)։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը
© Sputnik
Ավելի վաղ ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին ասել էր, որ Հայաստանում տնտեսական ողջամիտ շահավետությամբ մաքուր պղինձ ձուլելու համար անհրաժեշտ է արդյունահանել տարեկան 100-150 տոննա պղնձի պարունակությամբ հանքաքար։ Այժմ Հայաստանում այդ ցուցանիշը կազմում է 75-85 հազար տոննա, որի կեսից ավելին ապահովում է ԶՊՄԿ-ն։
Արդյունահանման ծավալներն ավելացնելու համար անցյալ տարի ԶՊՄԿ-ն ձեռք է բերել մեծ հզորության 16 ինքնաթափ և հինգ էքսկավատոր։
Նոր ինքնաթափերը
© Sputnik
«Ընդ որում, ունենք 1977 և 1982 թվականների էքսկավատորներ, որոնք 2002-ին արդիականացվել են ու մինչ օրս աշխատում են», – լրագրողների հետ զրույցում նշեց ԶՊՄԿ–ի բացահանքի պետ Արմեն Հարությունյանը։
Բացահանքում շահագործվող էքսկավատորների մի մասն էլեկտրական է (հենց դրանք էլ պահպանվել են խորհրդային ժամանակներից)։ Դրանք ունեն ավելի փոքր հզորություն, քան դիզելայինները, բայց ավելի երկարակյաց են (քանի որ դրանց սպասարկումն ավելի հեշտ է)։ Վառելիքի ծախսը ևս ավելի քիչ է։
«Հանքում առաջացող փոշին նստեցնելու համար հանքաքարը տեղափոխող ինքնաթափերի հետևից պարբերաբար անցնում են ջրցան մեքենաներ։ Ի լրումն, այս տարի ձեռք են բերվել ջրային թնդանոթներ, որոնք դեռ պիտի փորձարկվեն։ Եթե դրանց արդյունավետությունը հաստատվի, հաջորդ տարիներին դրանցից ավելի մեծ քանակով ձեռք կբերեն»–, ասաց ԶՊՄԿ–ի կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը։
ԶՊՄԿ–ի կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը
© Sputnik
Բացի այդ, փորձարկվում են նաև արտասահմանյան պոլիմերներ, որոնք, խառնվելով ջրի հետ, ավելի արագ են նստեցնում փոշին, ինչը կրճատում է ջրի սպառումը։
Արդյունահանման ավելացումը նախատեսում է նաև թափոնների ավելացում, ուստի այժմ ԶՊՄԿ–ն գնահատում է գործող պոչամբարի կարողությունները։
«Եթե կարիք լինի նորի, կգնահատենք համապատասխան տարածքներ և նախագծեր կներկայացնենք կառավարությանը և հանրային քննարկումներին», – նշեց Ստեփանյանը։
Կոմբինատում ենթադրում են, որ հանքը սպասարկող Արծվանիկի պոչամբարը կարող է ծառայել ավելի երկար, քան նախատեսված է գործող թույլտվությամբ (այժմ այն թույլատրված է շահագործել մինչև 2026-ի ավարտը)։ Այդ ենթադրություններն անհրաժեշտ կլինի հիմնավորել նախագծով։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը
© Sputnik
Նախատեսվում է արտադրությունն արդիականացնել նաև հարստացուցիչ ֆաբրիկայում, որտեղ հանքաքարից ստացվում են պղնձի և մոլիբդենի խտանյութեր։
Ինչպես նշեց կոմբինատի արտադրության գծով տնօրենի տեղակալ Արտակ Ղոնյանը, շուրջ երեք ամիս առաջ կոմբինատում մոնտաժել են հանքաքարի նոր աղաց` չինական արտադրության։ Այն բավականին էֆեկտիվ է, ուստի որոշում է կայացվել 2024-ին ձեռք բերել ևս երեքը։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը
© Sputnik
Նոյեմբերին Քաջարան կհասնեն նաև ֆլոտացիայի նոր մեքենաներ (որոնք մանրացված հանքաքարը խառնում են ջրի և քիմիական ռեագենտների հետ մետաղները կորզելու համար)։ Նոր մեքենաների մոնտաժման համար կպահանջվի որոշակի ժամանակ, որից հետո` 2024-ին, դրանք կմտնեն արտադրություն։
Ֆլոտացիայի տեղամասում կտեղադրվի նաև նոր խտացուցիչը, որի օգնությամբ հանքաքարի ավազից կքամեն ջուրը` ստանալով պատրաստի խտանյութ։ Տեխնոլոգիապես նոր սերնդի խտացուցիչը թույլ է տալիս քամած ջուրն օգտագործել կրկնակի։ Սա (ինչպես և վերը նշված փոշի նստեցնող պոլիմերները) ևս կօգնի կոմբինատին կրճատել ջրառը Ողջիի գետից։
Ղոնյանը նշեց, որ վերջերս կոմբինատի մասնագետները եղել են ԱՄՆ-ում և ծանոթացել 3 մլն դոլար արժողությամբ այդ սարքի աշխատանքին։
Եվս 4 միլիոնը նախատեսված է հարստացուցիչ ֆաբրիկայում ավտոմատացման համակարգ ներդնելու համար (համապատասխան տվիչներով ու ծրագրային ապահովմամբ)։ Այն կօգնի ավելացնել մետաղների կորզումը հանքաքարից։
ԶՊՄԿ–ն
© Sputnik
Արտադրական վերազինման այս ողջ փուլը նախատեսվում է ավարտել 2024 թվականին, ինչը թույլ կտա ավելացնել հանքի արդյունահանումը և ստեղծել հումքային բազա պղնձաձուլարանի համար, մինչ արտասահմանից հրավիրված մասնագետները կկազմեն դրա նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումը։