ՀՀ ԱԳՆ-ն կոչ է անում միջազգային հանրությանը հետևել ՄԻԵԴ-ի` Լաչինի որոշումների իրագործմանը

ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը արձագանքել է ՄԻԵԴ–ի որոշման հաստատմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը կոչ է արել միջազգային հանրությանը հետևել Արդարադատության միջազգային դատարանի և ՄԻԵԴ-ի որոշումներին` Լաչինի միջանցքի բացման հարցում։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։
«Արդարադատության միջազգային դատարանը հաստատեց Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ իր որոշումը։ Ադրբեջանը պարտավոր է իր իրավասության շրջանակներում ձեռնարկել բոլոր միջոցները միջանցքով անվտանգ անցում ապահովելու համար»,– գրել է նա։
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հուլիսի 12-ին վերահաստատել է, որ Ադրբեջանը պարտավոր է ապահովել Լաչինի միջանցքով հիվանդների տեղաշարժը։
Այս տարվա փետրվարի 22-ին հայտնի դարձավ ՄԱԿ–ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։ Ըստ այդ որոշման` Ադրբեջանը, նախքան այս գործով վերջնական որոշում կայացնելը, պարտավոր է իր ստանձնած պարտականություններով ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։
Արդարադատության միջազգային դատարանը նման որոշում էր կայացրել Հայաստանի կողմից ներկայացված «Լաչինի միջանցքի» ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջի մասին։
Չնայած այս որոշմանը` Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։ Ավելին` ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ է տեղադրել Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։