ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Հայաստանում չդադարող անձրևները ներքին տուրիզմի համար ոչ այնքան ցանկալի իրավիճակ են ստեղծել, որին գումարվել են նաև ճանապարհային խնդիրները, բայց տուրիստական ընկերությունները չեն հուսահատվում` ստեղծելով նոր ուղղություններ։ Sputnik Արմենիան ներքին տուրիզմի զարգացման, առկա խնդիրների և օրենսդրական բացերի մասին զրուցել է «Արշավներ ակումբ տուր» ընկերության հիմնադիր Ռուբեն Բաղդիշյանի և «One way tour» ընկերության տնօրեն Մաթևոս Բարսեղյանի հետ։
Չդադարող անձրևների հետևանքները
Ներքին տուրիզմի սեզոնը բացվել է, բայց եթե չլինեին անձրևները, իրավիճակն ավելի լավ կլիներ։ Եթե անձրևային եղանակը արտասահմանցի զբոսաշրջիկների ծրագրերը չի փոխում, որոնք Հայաստան են եկել ճանապարհորդելու համար, ապա նույնը չի կարելի ասել տեղացիների մասին։
«Տեղացիները եղանակին նայում են և հետաձգում իրենց պլանները։ Բայց հաշվի չեն առնում, որ երբեմն անձրև է կանխատեսվում, մի քանի կաթիլ գալիս է, ու եղանակը բացվում է»,–ասում է Մաթևոս Բարսեղյանը։
Ռուբեն Բաղդիշյանն էլ նշում է` այս տարվա ցուցանիշները նախորդ տարվա ցուցանիշներին համահունչ են, բայց եթե ընկերությունը աճ չի գրանցել հենց անձրևների պատճառով։
Անկախ եղանակից` մարդիկ հիմնականում դասական տարբերակն են նախընտրում` երբ մեքենան հասցնում է հուշարձանի մոտ, կամ երբ ամբողջ տուրի ընթացքում քայլարշավը չի գերազանցում 1-2 կմ–ը։
Նոր ուղղություններ կան, Ջերմուկ այլևս չեն գնում
Ներքին տուրիզմը զարգացնելու համար մի քանի նոր ուղղություններ են գործարկվել, որոնք արդարացնում են սպասելիքները։
«Այս տարի սկսել ենք գնալ Վայոց Ձորի Ուփի ձորում գտնվող Մագելանի քարանձավ։ Արդեն 2–րդ խումբն ենք այնտեղ ուղարկում։ Բավականին հետաքրքիր արձագանքներ ենք ստացել»,–ասաց Բաղդիշյանը։
Մագելանի քարանձավը
© Sputnik / Aram Nersesyan
Նա նշեց` դա Հայաստանի ամենամեծ քարանձավն է, որի ներսում երթուղի է մշակված, լուսային կահավորում ունի, հասանելի է բոլոր այն մարդկանց, որոնք չունեն հենաշարժողական խնդիրներ։
Որպես նոր ուղղություններ տուրեր են իրականացվում դեպի Դիմաց լեռ, Սառցապատ լեռ, Շաղոտ ջրվեժ։
«Եթե ժամանակին այցելում էին Արևածագի կիրճ, հիմա արդեն Դիմաց լեռ են գնում, որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում»,–ասում է Մաթևոս Բարսեղյանը։
Ըստ նրա` հին ուղղություններից մեծ պահանջարկ ունեն նաև Գառնիի ու Դիլիջանի տուրերը։
«Խնդիր ունենք Ջերմուկի ուղղության հետ, քանի որ անցած տարվա դեպքերից հետո Ջերմուկն իզոլացված է։ Մենք ինքներս ամեն ջանք դնում ենք, որ այդ ուղղությունը զարգանա, բայց դեռևս շատ մեծ արդյունքներ չունենք»,– ասաց Բարսեղյանը։
Շաքիի ջրվեժ. Սյունիք
© Sputnik / Janna Poghosyan
Բաղդիշյանն էլ նշեց, որ Սյունիքի ուղղությունը պասիվացել է նաև ճանապարհային խնդիրների պատճառով։
«Բավական լուրջ կորուստներ է կրել Սյունիքի ուղղությունը։ Այս տարի Տաթև, հատկապես Խնձորեսկ ճանապարհն անանցանելի է։ Եթե այն ժամանակ ավտոբուսների համար էր անանցանելի, ապա այժմ` անգամ միկրոավտոբուսների։ Ամեն անգամ ավտոմեքենան տեխնիկական ինչ–որ խնդիրներ է ունենում, երբ մտնում է Խնձորեսկ. անիվն է ծակվում, քանի որ շիբինալցված ճանապարհ գոյություն չունի»,–ասաց Բաղդիշյանը։
Նրա խոսքով` ճանապարհների պատճառով լուրջ կորուստներ է կրել նաև Սանահինի և Մենձ Էր քարայրի ուղղությունը, Ծաղկաձորն է տուժել, որովհետև ամբողջ ճանապարհները քանդել են։
Օրենսդրական բացեր
Մասնագետների խոսքով` ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ չկա պետական աջակցություն, և զբոսաշրջությունը Հայաստանի տնտեսության ամենաբարձիթողի վիճակում գտնվող ոլորտն է։
«Ով երբ ուզում, մտնում է ոլորտ, երբ ուզում` դուրս է գալիս։ Եթե նախորդ տարի մի քանի տուրիստականներ կային դաշտում, հիմա մի քանի տասնյակի են հասնում։ Եթե նրանք լավ գործ են անում, օգնում են մեզ, վատ գործ են անում` խանգարում: Այդ ամենին վերահսկողություն է պետք, որը բացակայում է»,–ասաց Բաղդիշյանը։
Նրա խոսքով` ոլորտում երբեմն հայտնվում են մարդիկ, որոնք ոչ մի կապ չունեն դրա հետ։ Օրինակ` մարդն աշխատում է բանկում և ամեն կիրակի որոշում է վարձու մեքենայով տուրեր կազմակերպել ինչ–որ տեղ։
«Ոչ միայն շուկան ծվատվում է, այլև ոչ պրոֆեսիոնալ վերաբերմունքն ամեն ինչ փչացնում է։ Մեքենա են ամրագրում, վերջին պահին զանգահարում, ասում են` պետք չէ, խումբ չի հավաքվել։ Վարորդը մնում է անգործ։ Գիդ չեն տանում, սխալ ինֆորմացիա են տալիս մարդկանց։ Խոսում են բաներ, որոնց մասին պետք չի խոսել։ Մարդը հիասթափվում է, և հաջորդ անգամ, երբ նրան առաջարկում են որևէ տուր, այլևս չի ցանկանում գնալ։ Ասում է` մի անգամ գնացի, ինչ ստացա։ Սերվիս տալը դա արվեստ է»,–ասաց նա։
Մաթևոս Բարսեղյանը ևս համակարծիք է։ Նրա խոսքով`ռուսերեն կամ անգլերեն իմացող ցանկացած մարդ, առանց որևէ կրթության, իրեն կարող է գիդ համարել ու աշխատել։
«Ոչ մի գերատեսչություն չի վերահսկում նրանց աշխատանքը, իսկ դա շատ կարևոր է և երկրի անվտանգությունն էլ է նաև, որովհետև գիդ ներկայացողը կարող է այնպիսի բաներ պատմել, որը չի համապատասխանում իրականությանը»,–նշեց նա։
Մինչ ՀՀ զբոսաշրջության կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում, որով զբոսավարների և ուղեկցորդների համար պարտադիր որակավորում կսահմանվի, զբոսաշրջային ավտոբուսները կհամապատասխանեցվեն տեխնիկական չափորոշիչներին, Երևանի փողոցներում` հատկապես Հանրապետության հրապարակում, շարունակում են մնալ կասկածելի տեսքով ու աստղաբաշխական թվերով տուրեր առաջարկողներ։ Նրանց մեծ մասը ո՛չ գրանցված է, ո՛չ հարկ է վճարում։
Մասնագետների խոսքով` շատ մարդիկ, հատկապես զբոսաշրջիկները, x գումարի փոխարեն կրկնակի, եռակի են վճարում։ Եվ երբ սփյուռքահայը կամ զբոսաշրջիկը խաբված է մնում, նա ոչ թե այդ վարորդից է հիասթափված հեռանում, այլ երկրից։
Մի բան միանշանակ է` Հայաստանը տեսնելու ու սիրելու երկիր է, բայց մեր երկրում դիլետանտները շատ են, մասնագետները` քիչ։