Արցախի ապաշրջափակման պահանջով ակցիայի մասնակիցները քայլերթով հասան ՌԴ դեսպանատան դիմաց։
Նրանք հիշեցրին օրեր առաջ Արցախում տեղի ունեցած դեպքը, երբ Մարտակերտի շրջանում 3 և 6 տարեկան երեխաների էին մահացել։
«Մայրը երեխաներին մենակ էր թողել էր ճարահատյալ, նա գնացել էր, որպեսզի կտրոնով շաքարավազ և ձեթ բերի, որ շրջափակման մեջ գտնվող երեխանները սնունդ ունենան։ 21-րդ դարն է, էլ ի՞նչ պետք է տեղի ունենա, որ հասկանանք` կյանքի ճանապարհը (Լաչինի միջանցքը) պետք է բացվի»,– ասաց ակցիայի մասնակից Ադելինա Ավետիսյանը։
Ակցիայի մասնակիցները վերջում նամակ փոխանցեցին ՌԴ դեսպանատան աշխատակիցներին` պահանջելով ուշադրություն դարձնել Արցախում տեղի ունեցող իրադարձություններին։
Նշենք, որ ավելի վաղ քաղաքացիները ակցիա էին իրականացնում Երևանում ՄԱԿ–ի գրասենյակի մոտ։
Ըստ ԶԼՄ–ների` երեխաների մայրը` Վերա Նարիմանյանը, փոքրիկներին տանն է թողել, ինքն էլ Մարտակերտ է գնացել որպես օգնություն տրվող ձեթի և շաքարավազի հետևից։ Մոր բացակայության ժամանակ երեխաները տնից դուրս են եկել` թերևս նրան փնտրելու, ժամեր անց փոքրիկների անշնչացած մարմինները մեքենայի մեջ են հայտնաբերել։ Ենթադրվում է, որ երեխաները հոգնել են, պատահական մեքենա գտել, մեջը մտել հանգստանալու համար։ Նախնական տվյալներով` շոգից շնչահեղձ են եղել։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։