22.31 կգ մարիխուանա և թմրանյութեր. Իրանից Հայաստան մաքսանենգության դեպք է բացահայտվել

Թմրանյութ Իրանից
Դատարան միջնորդություն է ներկայացվել՝ 3 անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Բացահայտվել է Իրանից Հայաստան մաքսանենգ եղանակով առանձնապես խոշոր չափերով տարբեր թմրամիջոցների տեղափոխման դեպք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Հուլիսի 15-ին Մեղրի քաղաքից Երևան ուղևորվելու ճանապարհին, ՀՀ ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության ծառայողները կանգնեցվել են «Opel Astra» և «Mercedes benz» մակնիշի ավտոմեքենաները:
«Օպելի վարորդը, չենթարկվելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողի՝ տրանսպորտային միջոցը կանգնեցնելու օրինական պահանջին, փախուստի փորձ կատարելով՝ բախվել է վերջինիս ամրակցված «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենային: Արդյունքում, ոստիկանության ծառայողներից մեկը, ստացած մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է բժշկական կենտրոն, իսկ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը գլխի հատվածում ստացել է քերծվածքի տեսքով մարմնական վնասվածք»,– ասված է հաղորդագրությունում։
Օպելի սրահում՝ ակնհայտ տեսանելի վայրում, առկա է եղել երեք կապոց՝ թմրանյութին բնորոշ սուր յուրահատուկ հոտով և փաթեթավորված պոլիէթիլենային ու ալյումինե ստվարաթղթով:
Ընդհանուր առմամբ, վերոհիշյալ մեքենայից հայտնաբերվել է 22.31 կգ մարիխուանա, 237,84գ մեթամֆետամին, 981,43 գ հաշիշ, 0,69գ քաշով «Bs» գրառմամբ սպիտակ դեղահաբ, 2 ապակյա խողովակ: Փաթեթներում առկա զանգվածների վերաբերյալ հետազոտությունը շարունակվում է:
Իրանից ՀՀ մտած թմրանյութը
Նախաքննության ընթացքում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սիսիանի բաժնից գրություն է ստացվել այն մասին, որ հիշյալ երեք տղամարդիկ («Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորն ու «Mercedes benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը խմբ.) ներգրավված են ԻԻՀ-ից ՀՀ մաքսանենգ եղանակով ներկրված թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված հանցագործությունը կազմակերպել է 46-ամյա տղամարդը։
Վերջինս, նախապես պայմանավորվելով խմբի մյուս անդամների հետ, ստանձնել է իրավապահների վերակարգերի ուշադրությունը շեղելու պարտականությունը, որպեսզի թմրամիջոցներով բարձված «Օպել» մակնիշի ավտոմեքենան անարգել կարողանա Մեղրիից հասնել Երևան քաղաք:
Ձեռք բերված փաստերի հիման վրա հիշյալ երեք տղամարդկանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն իրացնելը հոդվածով։
Դատարան միջնորդություն է ներկայացվել՝ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։