ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունն ու իրավապահները կանխել են «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի և RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի դեմ մահափորձը, որ կազմակերպել էին ուկրաինական հատուկ ծառայությունները։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ԱԴԾ-ին:
Նշվում է, որ ուկրաինական հատուկ ծառայությունները ծրագրել էին նաև հաղորդավարուհի Քսենյա Սոբչակի սպանությունը։
Երեկ` հուլիսի 14-ին, Մոսկվայում և Ռյազանի մարզում ձերբակալվել են «Պարագրաֆ-88» նեոնացիստական խմբավորման անդամներ, որոնք հետևել են Սիմոնյանին ու Սոբչակին։
Քննչական գործողությունների ընթացքում ձերբակալվածներից առգրավվել է Կալաշնիկովի ինքնաձիգ, 90 փամփուշտ, դանակներ, կռփազենք, ռետինե մահակներ, ձեռնաշղթաներ, թևքանշաններ ու նացիստական խորհրդանիշներով դրոշներ, նացիստական գրականություն, ինչպես նաև կապի միջոցներ ու համակարգիչներ՝ նրանց հանցավոր մտադրությունները հաստատող տեղեկատվությամբ։
Ձերբակալվածները հաստատել են, որ գործել են Ուկրաինայի անվտանգության ծառայության հանձնարարությամբ` յուրաքանչյուր սպանության համար 1,5 մլն ռուբլի վարձատրության դիմաց։