Մարգարիտա Սիմոնյանի դեմ մահափորձի գործով կասկածյալների թվում անչափահասներ կան. դատարան

Ձեռնաշղթա
Մոսկվայի Բասմանի դատարանը քննում է կասկածյալների նկատմամբ խափանման միջոց ընտրելու միջնորդությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի և RT–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի, ինչպես նաև հաղորդավարուհի Քսենյա Սոբչակի դեմ մահափորձերի նախապատրաստման գործով վեց կասկածյալների թվում անչափահասներ կան։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է Մոսկվայի քաղաքային դատարանի մամուլի ծառայությունը։
Այսօր Մոսկվայի Բասմանի դատարանը քննում է նրանց նկատմամբ խափանման միջոց ընտրելու միջնորդությունները։ Ըստ Մոսկվայի դատարանների տվյալների բազայի` նրանք մեղադրվում են խուլիգանության համար, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից կամ զենքի գործադրմամբ: Քրեական օրենսգրքի այս հոդվածով մինչև 7 տարի ազատազրկում է նախատեսվում։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունն ու իրավապահները կանխել են Մարգարիտա Սիմոնյանի ու Քսենյա Սոբչակի դեմ մահափորձերը։
Ձերբակալվել են «Պարագրաֆ-88» նեոնացիստական խմբավորման անդամներ։ Նրանք հաստատել են, որ գործել են Ուկրաինայի անվտանգության ծառայության հանձնարարությամբ` յուրաքանչյուր սպանության համար 1,5 մլն ռուբլի վարձատրության դիմաց։