ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Հայաստանում պղնձաձուլական գործարան կառուցելու համար պետք է տարեկան արդյունահանել հանքաքարի այնպիսի ծավալ, որը 100-150 հազար տոննա պղինձ կպարունակի։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «ԳեոՊրոմայնինգ» ընկերությունների խմբի նախագահ և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին Հանքագործի և մետալուրգի օրվա (ամեն տարի նշվում է հուլիսի երրորդ կիրակի օրը) և կոմբինատի 70-ամյակին նվիրված միջոցառման շրջանակում:
Այժմ Հայաստանում արտադրվում է միջինը 300-350 հազար տոննա պղնձի խտանյութ (վերամշակված հանքաքար)։ Միջին հաշվով խտանյութում պղնձի պարունակությունը կազմում է 23-24%, ինչը վերահաշվարկով նշանակում է 75-85 հազար տոննա պղինձ։
«Այդ պատճառով անհրաժեշտ է ընդլայնել արդյունահանումը Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում (որը նույնպես ընդգրկված է «ԳեոՊրոմայնինգի» կազմում) ու ոլորտի այլ ձեռնարկություններում», - նշեց Խուդոլին:
Այժմ Քաջարանի պղնձամոլիբդենային հանքում և դրա հանքաքարը վերամշակող Զանգեզուրի կոմբինատում ընդլայնվում են արտադրական ենթակառուցվածքները։ Հայաստանում պղինձ է արդյունահանվում ևս երեք հանքավայրից (Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ, Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայր (Կապան քաղաքի մոտակայքում), Շամլուղի լեռնահարստացման կոմբինատ)։
Անցյալ տարի ընկերությունը հանքի համար ձեռք է բերել լրացուցիչ 16 ինքնաթափ և մեծ հզորությամբ 5 էքսկավատոր, իսկ հարստացուցիչ ֆաբրիկայում (որտեղ հանքաքարը վերամշակվում է խտանյութի) նոր ջարդիչ բաժանմունք է շահագործման հանձնվել: Քննարկվում են նաև լրացուցիչ պոչամբարների հնարավորությունները։ Արտադրության էներգամատակարարումն ընդլայնելու համար կառուցվում է ենթակայան, ինչպես նաև 220 կիլովոլտ լարմամբ էլեկտրահաղորդման գիծ։
Խուդոլին հիշեցրեց, որ պղնձաձուլարանի շինարարությունը նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման փուլում է։ Դրա համար միջազգային ընկերություն է ընտրվել։
Հիշեցնենք՝ 2021 թ․ աշնանը ԶՊՄԿ-ի գլխավոր բաժնետեր դարձավ ռուսական «ԳեոՊրոմայնինգ» ընկերությունների խումբը, որը Հայաստանում կառավարում է նաև Ագարակի պղնձամոլիբդենային և Սոթքի ոսկու հանքավայրը (վերջինս ժամանակավորապես չի գործում)։ Զանգեզուրի կոմբինատի մեծամասնական բաժնետեր դառնալուց հետո ընկերությունը, ի նշան կառավարության հետ ռազմավարական համագործակցության, վերջինիս փոխանցեց բաժնետոմսերի 15%-ը (2022-ի օգոստոսին մեկ այլ բաժնետեր AMP Holding-ը կառավարությանը փոխանցեց ընդհանուր բաժնետոմսերի ևս 6,875%-ը)։ Կոմբինատի նոր ղեկավարությունը սկսել է քննարկել Հայաստանում մաքուր պղնձի ձուլման ներդրումային ծրագիրը (որպեսզի արդյունահանվող պղինձը երկրից չարտահանվի հումքի ձևով, այլ երկրի ներսում դառնա վերջնական պրոդուկտ)։