ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Ռուսական կողմը հարգանքով է վերաբերվում Հայաստանի ղեկավարության ինքնիշխան որոշմանը` Լեռնային Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի տարածքի մաս, սակայն դա արմատապես փոխել է այն հիմնարար պայմանները, որոնց ներքո ստորագրվեց Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներիч 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչպես նաև տարածաշրջանում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի դրությունը։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳ նախարարության տարածած հայտարարության մեջ։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշում է, որ պաշտոնական Երևանը դա արել է 2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի մայիսին Եվրամիության հովանու ներքո անցկացվող գագաթաժողովներում։
«Կարծում ենք, որ այս պայմաններում Ղարաբաղի հայ բնակչության ճակատագրի պատասխանատվությունը չպետք է բարդել երրորդ երկրների վրա։ Պետք է անհապաղ սկսել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը՝ հենվելով ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների վրա»,– շեշտվում է հայտարարության մեջ։
ՌԴ ԱԳ–ն ընդգծում է, որ այդ պայմանագրի անբաժանելի մաս պետք է դառնան նաև Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հուսալի և հստակ երաշխիքները։ Առանձին անդրադարձ է արվում նաև Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև եռակողմ պայմանավորվածությունների անշեղ կատարմանը` ներառյալ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը և հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացի մեկնարկը։
Ռուսական կողմը վերահաստատել է Լեռնային Ղարաբաղի բնականոն կենսագործունեության վերականգնմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին ակտիվորեն նպաստելու տրամադրվածությունը:
«Մտահոգիչ է այն հանգամանքը, որ այսօր Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը զարգանում է բացասական սցենարով։ Խորանում է հումանիտար ճգնաժամը տվյալ տարածքում։ Տեղի բնակչությունը սննդի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության իրերի սուր պակաս է զգում, գործնականում զրկված է էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումից։ Դա կարող է դրամատիկ հետևանքներ ունենալ Ղարաբաղի հայերի՝ տարածաշրջանի հասարակ բնակիչների համար»,– նշված է հայտարարության մեջ։
Պաշտոնական Մոսկվան Ադրբեջանի ղեկավարությանը կոչ է անում անհապաղ միջոցներ ձեռնարկել Լաչինի միջանցքի ապաշրջափակման, երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը վերսկսելու, ինչպես նաև տարածաշրջանի էներգամատակարարման համար:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հունիսի 11–ին Ադրբեջանը հայտարարեց նաև Լաչինի միջանցքով Կարմիր խաչի մեքենաների երթևեկության դադարեցման մասին` պատճառաբանելով, թե ԿԽՄԿ–ի մեքենաներն իբր մաքսանենգության փորձ են արել։
Հուլիսի 14-ին հայտնի դարձավ, որ Կարմիր խաչի շարժը վերականգնվել է։