Փոխվարչապետն ու ՅՈՒՆԻՍԵՖ–ի ներկայացուցիչը խոսել են արցախցի երեխաների ծանր վիճակի մասին

Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Քրիստին Վայգանդին
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երեխաների իրավունքներին առնչվող ընթացող օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի - Sputnik. Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Քրիստին Վայգանդին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շարունակվող շրջափակման արդյունքում այնտեղ ապրող շուրջ 30,000 երեխաների համար ստեղծված ծանրագույն հետեւանքները։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Փոխվարչապետն ընդգծել է կազմակերպության՝ Լեռային Ղարաբաղում առավել գործուն ներգրավվածության ունենալու կարևորությունը՝ իր մանդատին և առաքելությանը համապատասխան բոլոր երեխաների իրավունքները պաշտպանելու և առավել խոցելի իրավիճակում հայտնված երեխաների համար հատուկ պաշտպանություն ապահովելու նպատակով:
«Անդրադառնալով կրթական միջավայրի շարունակական բարելավման անհրաժեշտությանը՝ փոխվարչապետը ներկայացրել է նախադպրոցական եւ դպրոցական հաստատությունների կառուցման և հիմնանորոգման, ինչպես նաև գործող կրթական հաստատությունների վերազինման ընթացիկ և նախատեսվող աշխատանքները՝ կարևորելով Հիմնադրամի հետ համագործակցությունը կրթական ծառայությունների որակի շարունակական բարելավման ուղղությամբ»,– ասված է հաղորդագրությունում:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երեխաների իրավունքներին առնչվող ներկայումս ընթացող օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ՝ ընդգծելով դրանց մշակման աշխատանքներում ձևավորված համագործակցության կարևորությունը։
Քրիստինե Վայգանդն իր հերթին բարձր է գնահատել ՀՀ կառավարության հետ երեխաների իրավունքների ամրապնդմանը միտված արդյունավետ համագործակցությունը՝ վստահություն հայտնելով դրա շարունակականության վերաբերյալ:
Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Քրիստին Վայգանդին