ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Ավելի քան 19 միլիոն դրամ կաշառք ստանալու մեղադրանքով կալանավորվել է ՊՆ իրային բազայի զորամասի հրամանատար Վ. Մ.-ն, ինչպես նաև կաշառք տված և կաշառք ստանալուն օժանդակած մի քանի անձ։ Այս մասին հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
Հայտնելով դեպքի մանրամասները` կոմիտեից տեղեկացնում են, որ ՀՀ ՊՆ-ին ներքնազգեստ մատակարարելու գնման ընթացակարգում 2023 թվականի մարտի 24-ին «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊ ընկերությունը ճանաչվել է ընտրված մասնակից:
Այնուհետև հիշյալ ընթացակարգով նախատեսված շուրջ 70.000 չափաքանակով տեխնիկական բնութագրին չհամապատասխանող, այն է՝ 280 գրամի փոխարեն 250 գրամ զանգվածով կտորից և միայն փոքր չափերով ներքնազգեստների անխոչընդոտ մատակարարումն ապահովելու նպատակով ՊՆ իրային բազայի զորամասի հրամանատար Վ. Մ.-ն նույն բազայի պահեստապետ Վ. Մ.-ի միջոցով վերը նշված ընկերության տնօրեն Վ. Ե.-ից պահանջել է առանձնապես խոշոր չափերով՝ 12.000.000 դրամ կաշառք:
Նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ ՊՆ վերը նշված պաշտոնատար անձը 2022 թվականի ընթացքում ևս նույն ընկերության տնօրենից պահանջել է 6.500.000 դրամ կաշառք:
«Պայմանավորվածության համաձայն՝ Վ. Ե.-ն մինչև 2023 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում վերը նշված ընկերության աշխատակից Ռ. Վ.-ի օժանդակությամբ և ՊՆ իրային բազայի պահեստապետ Վ. Մ.-ի միջոցով, ինչպես նաև անձամբ, պայմանավորված կաշառքի գումարը մաս-մաս փոխանցել է ՊՆ պաշտոնյային»,– ասված է հաղորդագրությունում:
Բացի այդ, պարզվել է, որ 2023 թվականի ընթացքում «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊ ընկերությունն ընտրված մասնակից է ճանաչվել նաև ՀՀ ՊՆ կարիքների համար կանացի կոշիկներ մատակարարելու գնման ընթացակարգում:
Արդյունքում սահմանված տեխնիկական բնութագրին չհամապատասխանող, այն է՝ ոտնաթաթի հատվածում 73 մմ երկարությամբ կաշվե կոշիկների փոխարեն առավելագույնը 68 մմ չափերով 900 զույգ կոշիկներն անխոչընդոտ ընդունելու համար ՊՆ պաշտոնյան ընկերության տնօրենից պահանջել և Ռ. Վ.-ի ու Վ. Մ.-ի միջոցով ստացել է 1.000.000 դրամ կաշառք:
Վ. Մ.-ի և վերը նշված մյուս անձանց մեղադրանքներ են ներկայացվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, տալու, ինչպես նաև կաշառք տալուն և ստանալուն օժանդակելու համար: