ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Նորակառույցների գազիֆիկացման հետ կապված խնդիրներն արդեն լուծման ընթացքում են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական Արտավազդ Թարխանյանը։
«Նման խնդիրները գտնվում են Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության տիրույթում, և պետք է ասեմ, որ մեծ քայլեր են արվել` գազամատակարարման ուղղությամբ ծավալների մեծացման առումով։ Արդեն իսկ իրականացվում է 4 գազաբաշխիչ կայանների ներդրման ծրագիրը»,– նշեց Թարխանյանը։
Խնդիրը ծագել էր այն բանից հետո, երբ բազմաթիվ նորակառույցների բնակիչներ չեն կարողացել ստանալ իրենց բնակարանների բանալիները, քանի որ գազիֆիկացումը բացակայում է։
«Գազպրոմն» առաջարկում է գազաբաշխիչ նոր կայաններ կառուցել, սակայն առաջիկա տասը տարվա իր ներդրումային ծրագրում նման ծախս նախատեսված չէ: Որպես փոխզիջումային լուծում կառավարությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով առաջարկվում է կայանները կառուցել բյուջեի հաշվին, դրանք տալ «Գազպրոմին»՝ պայմանով, որ ընկերությունը հինգ տարվա ընթացքում կառավարությանը վերադարձնի համակարգի ընդլայնման վրա ծախսված 20 մլրդ դրամը:
Գուրգեն Գրիգորյան. Արխիվային լուսանկար
© Sputnik / Narine Iritsyan
«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Գուրգեն Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ որոշ կառուցապատողներ փորձել են սեփական ուժերով լուծել խնդիրը՝ միավորվել են, յուրաքանչյուրը որոշ չափի ներդրում է արել և գազատար խողովակը հասցրել են բաժանորդին: Գազամատակարարման բացակայության պայմաններում կառուցապատողները ավարտական ակտ ստանում են, բայց շահագործման թույլտվություն՝ ոչ, և աշխատանքը համարվում է անավարտ:
Հիշեցնենք, որ հունիսի 16 կառավարության նիստին հաստատվել էր «Երևան քաղաքի գազամատակարարմանը լրացուցիչ նոր հզորություններով ապահովելու ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշումը։ Նախագծով բաշխիչ 4 կայանի կառուցման համար կպահանջվի շուրջ 20 մլրդ դրամ: ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի խոսքով` այս ծրագիրը կսկսվի 2024 թվականի հունվարից և կավարտվի 2026 թվականի դեկտեմբերին:
Այսօր ընդհանուր առմամբ կա 490 նոր բաժանորդի հայտ, և որ այս ծրագրով նախատեսվում է առնվազն 20 տոկոս հավելյալ հզորություն ունենալ, որպեսզի հետագա տարիներին, եթե նոր բաժանորդներ լինեն, կարողանան ավելացնել: