ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Այսօր ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 11 բուժառու, ուղեկցողների հետ միասին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։
«8 բուժառուներ, որոնք ժամանակին պետական պատվերի շրջանակում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ ԿԽՄԿ մեքենաներով վերադարձել են Արցախ»,– ասված է նախարարության հաղորդագրության մեջ։
Նշենք, որ այս պահին «Արևիկ» բուժմիավորումում ստացիոնար բուժում է ստանում 41 երեխա, 5-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 99 հիվանդ, 6 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը` ծայրահեղ ծանր վիճակում։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հունիսի 11–ին Ադրբեջանը հայտարարել էր նաև Լաչինի միջանցքով Կարմիր խաչի մեքենաների երթևեկության դադարեցման մասին` պատճառաբանելով, թե ԿԽՄԿ մեքենաները, իբր, մաքսանենգության փորձ են արել։ Ադրբեջանական կողմը մեղադրել է ԿԽՄԿ-ին վստահությունը չարաշահելու մեջ, հարուցվել է քրեական գործ։