ՀՀ վարչապետի խոսնակն արձագանքել է Արցախում մեկնարկած համաժողովրդական անժամկետ շարժմանը

Նազելի Բաղդասարյանն ասել է, որ ՀՀ կառավարությունը միջազգային մեխանիզմի շրջանակներում Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը անհրաժեշտություն է համարում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Հայաստանի իշխանությունները հասկանում են ադրբեջանական շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամի հետևանքները միջազգային հանրությանն ավելի տեսանելի դարձնելուն ուղղված քաղաքացիական քայլերը: Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը դադարեցնելու պահանջով Ստեփանակերտում վաղ առավոտից մեկնարկած անժամկետ շարժմանը։
«Հայաստանի կառավարությունն ինքը ջանքեր է գործադրում այս ուղղությամբ: Միջազգային հանրությունը պետք է գործուն միջոցներ ձեռնարկի` ի կատար ածելու Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումները Լաչինի միջանցքի ապաարգելափակման մասին»,– ասել է նա:
Նազելի Բաղդասարյանը հայտնել է նաև, որ ՀՀ կառավարությունն այս առումով նաև ընդգծում է, որ միջազգային մեխանիզմի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության օրակարգով Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը անհրաժեշտություն է։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից արցախցիները համաժողովրդական անժամկետ շարժում են սկսել Ստեփանակերտում, որպեսզի միջազգային հանրությանը ներկայացնեն Արցախի դրությունը: