ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի - Sputnik. Կոտայքի և Արագածոտնի մարզերում ծղրիդների լայն տարածման դեմ պայքարի և վնասատուների կողմից գյուղատնտեսական նշանակության հողերին հասցվող վնասի կանխարգելմանն ուղղված աշխատանքների համար ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշվել է պատկան կառույցներին շուրջ 13 մլն դրամ հատկացնել։
Կառավարության որոշման նախագծից պարզ է դառնում, որ վնասատումների տարածման մասին ահազանգը ստացվել է դեռ հունիսի 2-ին։ Բայց ահազանգից մինչև գումար հատկացնելը 40 օր է տևել։
Արագածոտնի մարզի Ապարան համայնքի ղեկավարը էկոնոմիկայի նախարարությանը ծղրիդների հարցով դիմել է դեռ հունիսի 2-ին` խնդրելով որոշել համայնքի անտառամերձ տարածքներում տարածված վնասատուների տեսակը և դրանց դեմ պայքարի աշխատանքներ իրականացնել։
Հունիսի 5-ին մասնագետներ են գործուղվել են համայնքի Եղիպատրուշ բնակավայր և պարզել, որ վնասատու միջատը Զախարովի հաստամարմին (Polysarcus zacharovi) տեսակի ծղրիդ է։
Համայնք գործուղված ու մշտադիտարկում իրականացրած մասնագետների ուսումնասիրության հիման վրա էկոնոմիկայի նախարարը հունիսի 16-ին դիմել է շրջակա միջավայրի նախարարություն` միջոցառումներ ձեռնարկելու նպատակով և, հարցի հրատապությունից ելնելով՝ համայնքին է հատկացրել 109 լիտր միջատասպան թունաքիմիկատ։
Բայց հունիսի 19-ին Եղիպատրուշ բնակավայրի ղեկավարը դարձյալ դիմել է նախարարություն` հայտնելով, որ վնասատուները կրկին ակտիվացել են և գրավում են ավելի մեծ արեալներ։
Ավելի ուշ պարզվել է, որ նույն տեսակի ծղրիդներ են տարածված նաև Ծաղկաձորի անտառներում, դաշտերում, խոտհարքներում, և տարածվելով հասնում է հյուրանոցային համալիրներ՝ անհարմարություն ստեղծելով զբոսաշրջիկների և բնակիչների համար։
«Հաշվի առնելով Ծաղկաձոր համայնքի, Եղիպատրուշ բնակավայրի տեղանքի ռելիեֆային առանձնահատկությունները և վնասատուների տարածման մեծ արեալները՝ ՀՀ ԷՆ կողմից իրականացված պայքարի աշխատանքները կարող են դառնալ անարդյունավետ, քանի որ պայքարի աշխատանքների իրականացումը անհնարին է դառնում միայն սրսկիչ անօդաչու թռչող սարքերի և տրակտորային սրսկիչների միջոցով և անհրաժեշտություն է առաջանում ուղղաթիռի միջոցով իրականացնել արագ և լայնամասշտաբ սրսկումներ՝ հետագայում վնասատուների տարածումը չպայքարած տարածքներից սահմանափակելու համար»,– ասված է կառավարության որոշման մեջ։
Կառավարությունում հույս ունեն, որ հատկացված գումարը բավարար է վնասատու ծղրիդների դեմ պայքարի ցանկալի արդյունք գրանցելու համար։