ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ–ի նախկին տնօրեն Վահե Գուլանյան հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումար, նա մեղադրվում է յուրացնելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, խարդախության և փողերի լվացման մեջ։ Այս մասին հայտնում է ՀՀ դատախազությունը։
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Վահե Գուլանյանը 2016-2017 թվականների ընթացքում ՊՈԱԿ-ի և «Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների գիտահետազոտական ինստիտուտ» ՍՊԸ-ի միջև կնքված գնման պայմանագրի շրջանակում կազմել է կեղծ հանձնման-ընդունման արձանագրություն, ակտ, ինչպես նաև օգտագործելով իր ծառայողական լիազորությունները՝ մի խումբ անձանց օժանդակությամբ վատնման եղանակով ՊՈԱԿ-ից կատարել է 3 մլն 683 հազար դրամի հափշտակություն:
«Բացի այդ, ՊՈԱԿ-ի և «Կարեն Աղաբաբյան Էռնեստի» Ա/Ձ-ի միջև 2017 թվականի հուլիսի 11-ին կնքված գնման պայմանագրի շրջանակներում, նա մի խումբ անձանց օժանդակությամբ, վատնման եղանակով ՊՈԱԿ-ից հափշտակել է 3 մլն դրամ»,– ասված է հաղորդագրությունում։
Վերը նշվածից բացի, Վահե Գուլանյանը ՊՈԱԿ-ի և բնապահպանության նախարարության միջև 2017 թվականի հոկտեմբերի 2-ին կնքված, պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին պայմանագրի շրջանակում կազմել է կեղծ հաշվետվություններ և խարդախությամբ հափշտակել 20 մլն 969 հազար դրամ, այնուհետև իրականացրել հանցավոր ծագում ունեցող առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում:
Նրա նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման համակցված միջոցներ՝ վարչական հսկողություն և գրավ՝ 10 մլն դրամի չափով: