ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. ՌԴ Պետդուման այսօր լիագումար նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց ՌԴ-ում մարդու սեռի փոփոխությանն ուղղված բժշկական միջամտությունների արգելք սահմանելու մասին օրինագիծը: Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը։
Օրինագիծը պալատի քննարկմանն էին ներկայացրել Դումայի բոլոր հինգ խմբակցությունների պատգամավորները՝ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորությամբ, առաջին ընթերցմամբ Դուման փաստաթուղթն ընդունել էր հունիսին: Նախաձեռնության համաձայն՝ «ՌԴ-ում քաղաքացիների առողջության պահպանման հիմունքների մասին» օրենքն առաջարկվում է լրացնել նոր հոդվածով, որն արգելում է սեռափոխությանն ուղղված բժշկական միջամտություններն ու դեղամիջոցների կիրառումը:
Սակայն արգելքը չի վերաբերում այն բժշկական միջամտություններին, որոնք կապված են բնածին անոմալիաների և զարգացման արատների բուժման, ինչպես նաև երեխաների սեռական օրգանների ձևավորման խանգարման պատճառ հանդիսացող գենետիկ և էնդոկրին հիվանդությունների հետ։