ՔՊ–ական Գագիկ Մելքոնյանը պետք է հերքի Արթուր Վանեցյանի մասին ասած խոսքերն ու տուգանք վճարի

Պաշտպանության նախկին փոխնախարարը հայտարարել էր, թե Վանեցյանն ու ջոկատի տղաներն Արցախ էին գնացել «անտեր թափած» զենք բերելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը պետք է հերքի Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի մասին Հանրային հեռուստաընկերության եթերում արած հայտարարությունները։ Իր ֆեյսբուքյան էջում տեղեկությունը հայտնել է Վանեցյանը։
Դեռ 2021 թ–ին Գագիկ Մելքոնյանը Հանրային հեռուստաընկերության եթերում մեղադրել էր «Հայրենիք» ջոկատի անդամներին ու անձամբ Վանեցյանին 44-օրյա պատերազմի ժամանակ մարտադաշտից փախուստի դիմելու մեջ։ Նա ասել էր նաև, թե նրանց նպատակը գնալ, զենք բերելն էր։
Ի՞նչ են քննարկել Սեյրան Օհանյանն ու Արթուր Վանեցյանը ԱՄՆ դեսպանի հետ
Վանեցյանը դրանից հետո հայց էր ներկայացրել դատարան` զրպարտչական արտահայտությունները հերքելու, պատճառած բարոյական վնասը փոխհատուցելու պահանջով։
Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը գործով կայացրել է որոշում, ըստ որի` Մելքոնյանը պետք է Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում հանդես գա հերքման տեքստով։
«Դատարանի վճռով նա պարտավոր է արտաբերել կոնկրետ տեքստ՝ հայտարարելով, որ իր կողմից տարածված տեղեկությունները «սուտ են և կեղծ, չեն համապատասխանում իրականությանը, դրանք ամբողջությամբ հանդիսացել են զրպարտություն»։ Գագիկ Մելքոնյանի և նմանատիպ մյուս զրպարտիչ հայտարարություններով փորձ է արվել ստվեր գցել իմ և ընկերներիս անձնվեր գործունեության ու բարի համբավի վրա, և չափազանց կարևոր է, որ այդ փաստն այլևս արձանագրված է նաև դատարանով»,– գրել է Վանեցյանը։
ԱԱԾ նախկին տնօրենի խոսքով` դատարանը նաև վճռել է Գագիկ Մելքոնյանից հօգուտ իրեն բռնագանձել 500 000 ՀՀ դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցման գումար։ Նրա խոսքով` քանի որ իրենց նապատակը ոչ թե գումարն էր, այլ ճշմարտությունը, այն կհատկացվի բարեգործական նպատակներով։
Դասալքության ու Շուշիից «փախչելու» գործով Արթուր Վանեցյանին ՀՀ քննչական կոմիտե են կանչել