ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Գերմանիայի ԱԳ պետնախարար Թոբիաս Լինդներին քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Ինչպես հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, Փաշինյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Թոբիաս Լինդներին:
Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում անվտանգային իրավիճակին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի խորացմանը և այն հաղթահարելու անհրաժեշտ քայլերին:
Փաշինյանը կարևորել է Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքն արգելափակելու վերաբերյալ որոշումն Ադրբեջանի կողմից կատարելու ուղղությամբ միջազգային հանրության գործուն աջակցությունը:
«Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Գերմանիայի հետ փոխգործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ժողովրդավարական բարեփոխումներն արդյունավետ առաջ մղելու գործում»,– նշված է հաղորդագրության մեջ:
Գերմանիայի ԱԳ պետնախարարն ընդգծել է, որ իր երկրի կառավարության պատրաստակամ է Հայաստանի հետ համագործակցել տարբեր ուղղություններով, ինչպես նաև օժանդակել ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը:
ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից էլ հայտնում են, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետնախարար Թոբիաս Լինդների գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաև ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի հետ։
Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետնախարար Թոբիաս Լինդները հանդիպել է նաև ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի հետ
© Photo : official site of the Parliament of RA
Ռուբեն Ռուբինյանն իր հերթին ևս ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ԼՂ-ում առկա հումանիտար ճգնաժամը և դրա հաղթահարման հարցում կարևորել միջազգային գործընկերների, այդ թվում` Գերմանիայի դերակատարությունը:
Անդրադարձ է եղել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման կարևորությանը:
ՀՀ ԱԺ փոխխոսնակը ներկայացրել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Հիշեցնենք, որ Թոբիաս Լինդներն այսօր հանդիպել է նաև ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի հետ: